Բաժիններ՝

Բուռն քննարկում «Զվարթնոց» օդանավակայանի շենքի շուրջ

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ներկայացնելով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի վերաբերյալ կազմված նոր նախագիծը: Դրա շուրջ այսօր բուռն քննարկում ծավալվեց Հանրային խորհրդում:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ներկայացրեց սկզբնական նախագիծն ու անցած տարիների ընթացքում նախագծում կատարված փոփոխությունները: Նա նշեց, որ «Զվարթնոցի» հին շենքը ներկայումս լքված վիճակում է, այն ազգային սեփականություն է, բայց խնամքից դուրս է, և կոնցեսիոները որևէ պատասխանատվություն չի կրում: Ըստ Ս.Քալաշյանի՝ կոնցեսիոները շատ լավ հասկանում է, որ «Զվարթնոցի» կլոր շենքն արժեք է ներկայացնում, և այժմ նոր նախագծում փորձ են արել պահպանել օդանավակայանի շենքը:

Սակայն նա ընդգծեց՝ միայն աշտարակն է պահված հին շենքից, ուրիշ ոչինչ, կլոր մասը չի պահպանվում. «Իրենց տպավորությամբ՝ աշտարակը միակ արժեք ներկայացնողն է շենքից, մնացածն արժեք չունի, և մնացածը, կարծում են, թե այնքան անմխիթար վիճակում է, որ վտանգ է ներկայացնում իրենից: Իսկ աշտարակը պահպանում են, բայց թե ինչ նպատակով՝ չգիտեն, դա իրենց պետք չէ: Սին պատկերացում ունեն, որ գոյություն ունեցող կառույցն անմխիթար վիճակում է, և նրա հետ որևէ գործողություն կատարելն անհնար է:

Մենք դեմ ենք այս առաջարկությանը, որովհետև այն չի ապահովում հուշարձանի պահպանության պահանջը»:

Ս.Քալաշյանը նկատեց, որ հին շենքը պահպանելու հարցում կառավարությունը պարտավորվել է նաև միջազգային կառույցների առաջ:

ՀԽ Քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը հայտարարեց, որ շենքը պետք է նորոգվի ու ամրացվի. «Կոնցեսիոները պնդում է, թե դա մեծ ծախսերի հետ է կապված, բայց մենք ունենք մի քանի առաջարկ, որ կարելի է շատ նորմալ գներով ուժեղացնել շենքը և համապատասխանեցնել այսօրվա նորմերին»:

«Օդանավակայանի հին շենքը ճարտարապետական և մշակութային բարձր արժեք է: Քանի՞ անգամ կարելի է նույն բանն ասել: Սերժ Սարգսյանը ստեղծել է ՀԽ-ն՝ խնդիրներն արագ և արդյունավետ լուծելու համար, բայց չեն լսում մեր ձայնը: Հիմա արդեն որերորդ անգամ քննարկվում է: Շենքի մի մասը քանդեցին, մտածում են, թե մյուսին կհամաձայնենք: Սա նման է բերդի շատ երկար պաշարման, որ պաշարողները մտածում են՝ պաշարվածները կհյուծվեն ու կհանձնվեն: ՀԽ-ն պետք է վճռական լինի, ինչքա՞ն կարելի է կրկնել»,- վրդովվեց ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ «Արմենիա» միջազգային օդանավակայանների սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը չի խնայի գումարը ու չի գերադասի քանդել հին շենքը. «Վերջը նա հայ մարդ է: Պետք է լուծում գտնել»:

ՀԾ անդամ Գագիկ Մանասյանը դրական արտահայտվեց, որ քննարկումները այսքան երկար շարունակվում են: Դա, ըստ նրա, նշանակում է, որ լսում են հանրության ձայնը: Մանասյանը նկատեց, որ ՀԽ գործառույթը խորհրդակցական է և որոշիչ չէ:

«Էլ ինչո՞ւ ենք հավաքվել այստեղ»,- վրդովվեցին քննարկման մասնակիցներից շատերը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ են հին օդանավակայանը ձևափոխելու կամ քանդելու մտքին.

«Ես չեմ կարծում, որ որևիցե մեկն իրենց թույլ կտա հանրային կարծիքի հետ հաշվի չնստել: Մնացածը տեխնիկական կողմ է, պետք է համոզել իշխանությանն ու կոնցեսիոներին, որ այդ կառույցը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»:

Հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը դժգոհեց, որ 2003 թվականից ի վեր կոնցեսիոներն անընդհատ առաջարկում է այնպիսի լուծում, որ քանդվում է շենքը: Ըստ նրա՝ դա հատուկ պատվեր է:

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի կարծիքով՝ օդանավակայանի ընդլայնման և հին շենքի պահպանման նախագիծը պետք է մշակվի «Հայնախագիծ» ինստիտուտի անմիջական մասնակցությամբ, որն ընդունելի կլինի հանրության համար:

«Արմենիա» միջազգային օդանավակայանների ներկայացուցիչ, նախագծի գլխավոր ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալվոն հայտարարեց, որ չի կարող պատասխանել, թե ինչու են մերժում հանրության ձայնը, ինչու հաշվի չեն առնում ՀԽ կարծիքը: Նա նշեց, որ եթե իրենց ներկայացրած այս նախագիծն էլ մերժվի, չգիտի, թե ինչ է լինելու հետո:

Ըստ Մոնսալվոյի՝ իրենց խնդիրն օդանավակայանն ընդլայնելն է, որ համապատասխանի ժամանակակից պահանջներին. «Երկրորդ՝ այնպես չէ, որ մենք չենք արժևորում հին տերմինալի արժեքը: Բայց չենք կարող այն կիրառել՝ որպես ժամանակի պահանջներին համապատասխանող շենք: Հենց սկզբից էր որոշվել նոր համալիր կառուցել: Փոքր տարածք է, փորձել ենք հնարավորինս անել՝ ընդլայնելու համար»:

Ընկերության ճարտարապետի խոսքով՝ հին շենքը մասնակի է պահպանվում. «Չկա սև ձեռք, որ ուզենա քանդել շենքը: Բայց կարծում ենք, որ այդկերպ պետք է ընդլայնենք օդանավակայանը, նոր համալիր պետք է կառուցվի՝ հաշվի առնելով, թե 30-40 տարի հետո ինչպես պետք է զարգանա»:

Գ.Ազիզյանն ուշադրություն հրավիրեց, որ կոնցեսիոները որոշակի զիջումների գնացել է. «Միանգամից ճանաչել պարտությունը դժվար է, պետք է կամաց-կամաց գան դրան»:

Գ.Ազիզյանն ընթերցեց ՀԽ որոշման նախագիծը՝ կոնցեսիոների առաջարկն անընդունելի համարելու մասին, նաև՝ «մեծապես արժևորելով կոնցեսիոների վերջին տարիների ջանքերը, առաջարկել «Զվարթնոցի» ճարտարապետական արժեք հանդիսացող կլոր կառույցի պահպանման վերականգնման համար ներգրավել կառույցի հեղինակ կազմակերպությանը՝ «Հայնախագիծ» ընկերությանը: Մշակույթի նախարարությանն առաջադրել՝ ամփոփել և սահմանված կարգով ավարտին հասցնել 1 տարի առաջ ՀՀ ճարտարապետների միության կողմից ներկայացված հայտը՝ պատմաճարտարապետական անշարժ հուշարձանների պետական ցանկը համալրելու և օդանավակայանի հին շենքը դրանում ներառելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս