«Ցուցարարների դեմ հարուցված գործերն ահաբեկելու, վախեցնելու համար էին»

Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ

– Պարոն Իշխանյան, հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց աղբամանները, իսկ այնտեղ գտնվող` հավաքի մասնակիցներից 46-ը բերման ենթարկվեցին: Ինչպե՞ս եք գնահատում Ոստիկանության գործողությունները:

– Ընդհանրապես խաղաղ հավաքների իրավունքը հաճախ խախտում է այլոց իրավունքները, և դա ընդունված նորմ է: Եվ ճշմարտություն կա նրա մեջ, որ հաճախ այս հավաքի մասին ասում էին, որ նրանք խաթարում են երթևեկությունը, շրջապատում բնակվողների հանգիստը և այլն: Բայց խաղաղ հավաքների իրավունքը շատ հաճախ համարվում է գերակա այլոց իրավունքների հանդեպ, որովհետև համարվում է, որ բողոքողներն իրենց ձայնը տեղ հասցնելու իրավունք ունեն, և դա ավելի գերակա է այլոց իրավունքների նկատմամբ` չնայած կա նաև նորմ, որ, ամեն դեպքում, այդ բողոքի ակցիան պետք է ինչ-որ ժամանակահատվածում լինի, և որոշակի, այսպես ասենք՝ ողջամիտ ժամանակահատված տրամադրելը համարվում է իրավաչափ:

Եթե այս տեսակետից գնահատենք բողոքը, ապա ընդդիմախոսները կարող են ասել, որ բողոքի ակցիան բավական երկար տևեց, և արդեն ողջամիտ ժամկետներն անցել են: Բայց այստեղ վիճելի կետեր կան: Նախ` ցուցարարները համարում են, որ իրենց պահանջը չի կատարվել, և շարունակում են պնդել իրենց պահանջը: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ շուրջ երկու շաբաթվա ընթացքում հավաքը խաղաղ բնույթ է կրել, իսկ խաղաղ բնույթ կրելու դեպքում Ոստիկանությունը պետք է միայն պաշտպանի և միջամտելու իրավունք չունի:

Այսինքն` այստեղ, պայմանական ասած, հակասություններ են առկա, վիճելի հարց կա, դժվար է ասել` որն է ավելի գերակա` ժամանա՞կը, որ երկարեց, թե՞ խաղաղ հավաքին չմիջամտելը: Ամեն դեպքում, ես կարող եմ համարել, որ տվյալ դեպքում խաղաղ հավաքին չմիջամտելն ավելի գերակա էր: Սա իմ անձնական կարծիքն է: Ինչ վերաբերում է Ոստիկանության գործողություններինգ ինքս եմ ականատես եղել և պետք է ասեմ, որ մինչև ցուցարարներին մեքենաներ տանելն այն էականորեն տարբերվում էր Հայաստանում Ոստիկանության` մինչ այս եղած գործողություններից` բավականին զուսպ, առանց հատուկ միջոցների, նույնիսկ կարելի է ասել՝ քաղաքավարի, իհարկե, ուժի գործադրմամբ, բայց, իմ կարծիքով` համաչափ ուժի գործադրմամբ էին տեղափոխում ցուցարարներին` մինչև մեքենաներ տանելը:

Դրանից հետո, ճիշտն ասած, ես անձամբ չեմ տեսել, բայց մեր դիտորդը նկատել է, թե ինչպես են արդեն ոստիկանական մեքենայի մեջ կանայք բողոքում, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում, հետագայում էլ արդեն բավական հավաստի փաստեր եղան, որ Ոստիկանության բաժանմունքներում բռնություն է կիրառվել որոշ ցուցարարների նկատմամբ: Սա արդեն անթույլատրելի է, և, եթե իրավական պետությունում ապրեինք, ապա այդ ոստիկանները պետք է պատժվեին, ինչպես պետք է պատժվեին նաև այն ոստիկանները, որոնք գործողություն կատարեցին հունիսի 23-ին:

– Նշեցիք, որ Ոստիկանության գործողությունները համաչափ են եղել` մինչև մեքենաներ նստեցնելը: Ինչո՞վ եք դա պայմանավորում` հաշվի առնելով Ոստիկանության գործողությունները հունիսի 23-ին:

– Մի քանի հանգամանքներով եմ դա պայմանավորում: Նախ` հունիսի 23-ի` ոչ համաչափ բռնությունները շատ բուռն արձագանք գտան հասարակության շրջանում, և, եթե իշխանությունը հույս ուներ, որ դրանով կվախեցնի հասարակությանը, ապա դա հակառակ ազդեցությունն ունեցավ: Երկրորդը` կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների վրա բավական լուրջ միջազգային ճնշում եղավ, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ չգործադրեն: Երրորդ հանգամանքը, իմ կարծիքով, այն է, որ մինչ այս հասարակությունը միշտ բևեռացված է եղել:

Նույն ընտրություններից հետո իշխանությունները կարծես թե, իրենց կարծիքով` ունեցել են ուժ գործադրելու իրավունք (առանց արդարացնելու իշխանության գործողությունները), քանի որ միջազգային կառույցները դրական են գնահատել ընտրությունների արդյունքները, ի վերջո, հասարակությունը բևեռացված է եղել, և այնպես չի եղել, որ բոլորը հավանություն տային մի կամ մյուս կողմին: Սա այն դեպքն էր, որ, եթե իշխանությունը երկրորդ անգամ բռնություն գործադրեր, կարծում եմ` իրենց իշխանությունը կերերար, քանի որ սա ոչ թե հասարակության ինչ-որ հատվածն էր, այլ այդ երիտասարդները, թեկուզ փոքր խումբը, արտահայտում էին ողջ հասարակության շահերը: Եվ սա, կարծում եմ, շատ ավելի լուրջ ազդեցություն կունենար, քան մինչ այս տարբեր հավաքների ժամանակ բռնությունները:

– Պայքարը Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է Ազատության հրապարակ, նաև հացադուլ են հայտարարել: Որքանո՞վ եք արդյունավետ համարում դա` պահանջների բավարարման համար:

– Ես չեմ ուզում գնահատական տալ: Կազմակերպիչներն իրենք են որոշում: Ես հիմա չեմ ուզում ասել ճիշտ կամ սխալ, ճիշտ հասկացեք: Եվ քանի որ լավ իմաստով երիտասարդներն էնտուզիաստ են, բայց դեռևս քաղաքական մեծ փորձառություն չունեն, նրանք կանցնեն սխալների միջով, նահանջներ կլինեն և այլն, և ես չեմ ուզում գնահատական տալ` արդյոք արդյունավե՞տ է Ազատության հրապարակում պայքարը շարունակելը: Մի բան դրական է, որ նրանք մաքսիմալիստ են: Եթե երիտասարդները մաքսիմալիստ չլինեն, ապա չեմ կարծում, որ նրանք երիտասարդներ կկոչվեն:

– Այս դեպքերի հետ կապված երկու քրեական գործ է հարուցվել, մեկը՝ խուլիգանության հատկանիշներով, մյուսը` «Սանիտեկ» ընկերության հաղորդման հիման վրա: Ձեր կարծիքով` քրեական գործեր հարուցելու հիմքեր կայի՞ն:

– Կարծում եմ` այդ գործերը հեռանկար չունեն, դրանք ժամանակի ընթացքում կմոռացվեն, ինչ-որ ձևով կփակվեն: Կարծում եմ` այդ հարուցված գործերն ահաբեկելու, վախեցնելու համար էին, որոնք արդյունք չտվեցին, և կարծում եմ, որ դրանք հեռանկար չունեն, ինչպես ասացի:

– Սյունիքում դեպքերին հետևո՞ւմ եք: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել Արա Բուդաղյանին` 2013թ. մարզպետի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի և այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի եղբորը:

– Առայժմ ես ձեռնպահ կմնամ գնահատական տալ, որովհետև մի կողմից` վստահություն չկա Հայաստանի իրավական համակարգի նկատմամբ, բայց չեմ կարող նաև վստահաբար ասել, որ նրանք 100 տոկոսով սխալ են գործել: Այնպես որ՝ ժամանակը ցույց կտա, հետո ես իմ գնահատականը կտամ:

– Նախօրեին հարձակում էին գործել այդ գործով մեղադրյալներից մեկի` Գարեն Աթաջանյանի որդու խանութի վրա. Ոստիկանությունը հայտնում էր, որ դա կատարել է Սուրիկ Խաչատրյանի օգնականը. նա էլ հաստատել է, որ ինքն է կատարել` նշելով, որ՝ «կարար մի քանի հոգու գլուխ ջարդվեր, մի քանի ապակի ջարդվեց, բավարարվել եմ դրանով»:

– Հայաստանում, այսպես ասեմ, այդ քյոխվաների սպասարկուները` թիկնապահներ և այլն, այնքան հավատարիմ են և այնքան նվիրված են իրենց տերերին: Իհարկե, իրավական տեսանկյունից բոլորովին արդարացնելու բան չէ, բայց այդ նվիրվածությունն արտահայտվում է նաև նրանց այդպիսի գործողություններում:

Այսպես կարող եմ ասել: Սա ուղղակի, նորից եմ կրկնում, հպատակի, նվիրվածի գործողություն է` հավատարմությունը ցույց տալու համար` մտածվա՞ծ, թե՞ չմտածված: Երկուսն էլ կարող են լինել: Կարող է լինել այնքան հավատարիմ, իսկապես ներքուստ այնքան հավատարիմ, որ չմտածված գործողություն է արել, կարող է երկրորդ տարբերակը լինել` մտածված գործողություն, որ ցույց տա իր հավատարմությունը:

– Ազգային անվտանգության ծառայությունը, որը քննում է քրեական գործը, սովորաբար քրեական գործով քիչ տվյալներ է հրապարակում` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը: Այս գործով հրապարակվեց նաև փորձաքննության եզրակացությունը:

– Ես չեմ ուզում գնահատական տալ` նորմա՞լ է, թե՞ աննորմալ, բայց քանի որ այս գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շատ մեծ էր, կարծում եմ` պատճառներից մեկն այդ էր, որ ավելի շատ հրապարակային էր:

Տեսանյութեր

Լրահոս