Հռոմի պապը ինքնաթիռով Բոլիվիա թռչելիս կոկայի տերևներով թեյ է խմել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լատինական Ամերիկա այցի ընթացքում կոկա է փորձել: Հռոմի պապը, սակայն, ոչ թե կոկաինի թփի տերևներն է ծամել, այլ խմել է դրանից պատրաստված թեյը: Ինչպես հայտնում է Reuters-ը, Հռոմի պապը տեղի ըմպելիքը փորձել է Էկվադորից Բոլիվիա թռիչքի ժամանակ:
Կոկայի տերևներով, երիցուկի ծաղիկներով ու անիսոնի սերմերով թեյը Հռոմի պապի համար պատրաստել էին, որպեսզի նրա մոտ չառաջանա այսպես կոչված բարձրության հիվանդություն:
Բանն այն է, որ El Alto օդանավակայանը, որտեղ ժամանել է Հռոմի պապը, աշխարհի ամենաբարձր կետում տեղակայված միջազգային օդանավակայանն է (գտնվում է ծովի մակարդակից 4061 մետր բարձրության վրա): Այդ պատճառով, երբ բացվում են վայրէջք կատարող ինքնաթիռի դռները, ուղևորների ճնշումը կարող է կտրուկ ընկնել:
Բորտուղեկցորդուհու խոսքով՝ Հռոմի պապը խմել է Trimate կոչվող խառնուրդը: Թռիչքի ժամանակ ըմպելիքն առաջարկել են փորձել նաև Ֆրանցիսկոսին ուղեկցող լրագրողներին: Նշվում է, որ ինքնաթիռից դուրս գալիս ու իր ողջույնի խոսքի ժամանակ Հռոմի պապն իրեն լավ է զգացել: