
Նա բացառիկ, հազվագյուտ ու շատ յուրահատուկ մարդ էր. հայտնի երգչուհի Բարբարա Սթրեյզանդը՝ Քըրք Քըրքորյանի մասին

Ամերիկացի հայտնի երգչուհի ու դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Facebook-ի իր էջում նախօրերին ջերմ խոսքեր է ուղղել հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հասցեին:
«Երկար տարիներ շարունակ Քըրք Քըրքորյանը անսովոր շռայլ մարդ էր: Նա հազվադեպ էր ուշադրություն կամ ճանաչում որոնում իր բարեգործությունների համար»,-գրել է երգչուհին:
Բարբարա Սթրեյզանդը հիշում է, թե ինչպես է ինքը 1969 թվականին մասնակցել Լաս Վեգասում կառուցված Քըրքորյանի International Hotel-ի բացման արարողությանը, իսկ 1993 թվականին՝ Նոր տարվա նախօրեին նորից վերադարձել այնտեղ՝ մասնակցելու հիասքանչ MGM Grand Hotel-ի բացմանը:
Երգչուհին հիշում է, թե ինչպես է իր բարեգործական կազմակերպությանը հայազգի գործարարի նվիրաբերած շռայլ դրամական օգնության շնորհիվ ինքը կարողացել օգնել ՁԻԱՀ-ով հիվանդներին ու պայքարել կանանց ու երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության համար:
«2013 թվականին նա նորից միացավ ինձ՝ պայքարելու կանանց սրտային հիվանդությունների դեմ: Նա բացառիկ, հազվագյուտ ու շատ յուրահատուկ մարդ էր ու ես միշտ շնորհակալ եմ լինելու նրան»,-գրել է Բարբարա Սթրեյզանդը: