«Մեյմուններ չենք, որ ամեն անգամ գանք, խոստանաք, գնանք». Ցուցարարը՝ Նարեկ Սարգսյանին
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Ֆիրդուսի և Բուզանդի իրենց տներից վտարված բնակիչների մոտ իջավ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Հանուն պետական շահի իրացման գոտի ճանաչված Երևանի 33-րդ թաղամասից քաղաքացիները տարհանվել են 8 տարի առաջ, կառուցապատողը սնանկացած «Գլենդել Հիլզ» ընկերությունն է, որն արդեն 3-4 ամիս է՝ չի վճարում նաև բնակիչների վարձակալած բնակարանների փոխհատուցման գումարը:
Ն.Սարգսյանը հայտարարեց, թե խնդիրը լուծելի է ու այսօր ժամը 17:00-ին հրավիրեց իր մոտ հանդիպման. «Հստակ ձևակերպեք խնդիրը, վարչապետը պատարստ է, լիքը գործ արվել է…»:
Բնակիչները նախարարի հորդորներին չհավատացին ու նրան մեղադրեցին սուտ խոսելու մեջ: «Մեյմուններ չենք, որ ամեն անգամ գանք, խոստանաք, գնանք: Մեր խնդիրը չի փոխվել, Դուք լավ տեղյակ եք»,- վրդովված ասաց ցուցարարներից մեկը:
Ն.Սարգսյանը կրկին կոչ արեց փոխհատուցման ժամկետներ գրել, իսկ փոխհատուցման ուշացումը պատճառաբանեց, թե զուտ տեխնիկական խնդիր է: Ըստ նրա՝ վարչապետը տարհանված բնակիչներին կընդունի միայն երկուշաբթի ժամը 18:00-ին:
«Սուտ է, չենք հավատում, անցած տարի նույն ձևով խաբեցիք»,- կրկին հակադարձեցին բնակիչները՝ հայտարարելով, որ առաջին հերթին հենց Նարեկ Սարգսյանին պետք է պատասխանատվության ենթարկել այս իրավիճակի համար:
168.am-ի հետ զրույցում Թամարա Հակոբյանը նշեց, որ տարեցտարի անթիվ անգամներ թե´ նախկին և թե´ ներկա կառավարություններն իրենց խոստացել են, որ կարճ շամանակում խնդիրը կլուծեն: Նրա խոսքով՝ այս տարի փետրվարին էլ Հ.Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ փուլային փոխհատուցման ծրագիր ներկայացրին, առաջին փուլը ապրիլից մինչև հուլիսի 1-ն էր. «Ոչ մեկին ոչ մի բան չեն տվել, այսինքն՝ առաջին փուլը խախտվեց, երկրորդը մինչև տարվա վերջ էր, բայց եթե առաջինը խախտվեց, երկրորդը կտա՞ն: Իհարկե՝ ոչ: Ասում են՝ գնացեք Գինու գործարանի մոտ շենքում առանց վկայագրի ապրի, է, էդ դեպքում կգնամ Հովիկ Աբրահամյանի տանը կապրեմ, էն էլ իմը չի, էն էլ»:
168.am-ը Ն.Սարգսյանից հետաքրքրվեց, որ եթե խնդիրը լուծելի է, ինչո՞ւ 8 տարի շարունակ չեն լուծում:
«Այդ խնդիրը շատ հին պատմություն ունի: Վերջին մեկ տարվա մեջ մենք շատ ջանքեր ենք գործադրել, վարչապետն է ընդունել, ճանապարհային քարտեզն ա մշակվել՝ ինչ կերպ, ինչ ձևով, որ լուծումներով, էս ընթացքում նախագիծն ա մշակվել, լոտերի ա բաժանվել, կառավարությունը մի քանի որոշում ա ընդունել: Հիմա ժամկետների առումով ուշացումներ եղել է, փոխհատուցումների մասով, և նաև բնակարանների վկայականների մասով: Բայց քանի որ պրոբլեմը շատ բարդ է, փաստաթղթային մասը ահռելի դժվար էդ տարիների ընթացքում կուտակված, ես հասկանում եմ, որ վրդովմունքը նրա մեջ է, որ խոստացված ժամկետներում՝ հուլիսի մեջ դա չի իրականացվել: Հիմա կհասկանանք ինչքան ևս ժամանակ է պետք, կլուծենք: Լրիվ պատրաստակամ է և´ կառավարությունը, և´ վարչապետը: Մենք խորացել ենք, մտել ենք էս թեմայի մեջ ու չենք ուղղակի կողքից նայել»,- ասաց Ն.Սարգսյանը:
Նրան շրջապատած քաղաքացիներից մեկը փորձեց հիշեցնել նախկինում տված խոստումները՝ «անցած տարի գարնանը խոսք եք տվել, 4 տարի առաջ էլ եք խոսք տվել…»:
«Ո՞վ, ե՞ս»,- զարմացավ նախարարը:
Իսկ երբ բնակիչները հիշեցրին, որ դա քաղաքապետարանում էր եղել, Ն.Սարգսյանը բացականչեց՝ «հա~, քաղաքապետարանում»: