
«Ի՞նչ է նշանակում՝ վերցնել աճուրդի դնել». Հովիկ Աբրահամյանը մերժեց Սերգո Կարապետյանի ներկայացրած նախագիծը

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժեց հաստատել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած նախագիծը: Ինչպես ներկայացրեց Ս.Կարապետյանը, ԳՆ «Ագրոսպասարկում» ընկերությանը հատկացված և մարզերում գործող սպասարկման ընկերություններին 15 տարի առաջ 10 տարի ժամկետով վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները լրացել են և հարկ է սահմանել 28 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման կարգը:
Այժմ, ըստ նախարարի, վարձակալած գյուղատնտեսական տեխնիկան կհանվի աճուրդի՝ մեկնարկային գներով վաճառվելով վարձակալներին, իսկ պահանջները չբավարարող կամ տեխնիկայի ձեռքբերումից հրաժարվող վարձակալների վարձակալած գյուղատնտեսական տեխնիկան կիրացվի դասական աճուրդով:
Վարչապետ Հ.Աբրահամյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարելի է 15 տարի անց տրակտորները ետ վերցնել. «15 տարի շահագործում են, ի՞նչ է նշանակում՝ վերցնել աճուրդի դնել»: Նա հանձնարարեց նախարարին՝ հարցը կրկին քննարկել և այլ լուծում գտնել: