Տիգրան Մեծ փողոցի կենտրոնում վատացել էր բողոքի դուրս եկած բնակչի ինքնազգացողությունը
Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչները քիչ առաջ փակել էին Տիգրան մեծ պողոտան, որոնց ոստիկանները հեռացրել էին ուժ գործադրելով: Ի դեպ, Տիգրան Մեծ փողոցի կենտրոնում վատացել էր խաբված բնակիչներից մեկի ինքնազգացողությունը (տեսանյութում):
Հիշեցնենք, որ Հանրապետության փողոցի սեփական տները 2008թ. գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով երեք տարում փոխհատուցել նրանց։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր էր կնքել է 188 ընտանիքի հետ, սակայն մինչև հիմա բնակարան են ստացել քիչ թվով մարդիկ, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով։
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ ՀՀ կառավարության շենքի առջև նրանք բողոք ակցիա են իրականացնում՝ պահանջելով լուծել իրենց բնակարանների՝ 8-10 տարի ձգձգվող խնդիրը: Նրանք նստել են ՀՀ կառավարության դիմացի աստիճաններին և պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իջնի իրենց հետ հանդիպման: Քիչ առաջ նրանց էր մոտեցել ՀՀ կառավարության աշխատակազմի դիմումների և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ու նրանց առաջարկել 3 անձից բաղկացած պատվիրակություն կազմել և բարձրանալ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման:
Բողոքի դուրս եկածները, սակայն, հրաժարվել են՝ պահանջելով, որպեսզի Հովիկ Աբրահամյանն իջնի իրենց մոտ:
Հավաքված բնակիչներին, սակայն, քիչ առաջ մոտեցել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և տեղեկացրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնակիչներին այսօր չի կարող ընդունել և նրանց կընդունի երկուշաբթի: Նա նաև ասել է, որ մինչ այդ բնակիչները կարող են գնալ ՀՀ քաղաքաշինության նախարարություն և փաստաթղթավորված ներկայացնել իրենց պահանջը: Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչներն ասել են, որ չեն պատրաստվում հեռանալ Կառավարության շենքից՝ մինչև իրենց խնդրին լուծում չտրվի:
Զայրացած բնակիչների հետ բանակցում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ վստահեցնելով, որ երկուշաբթի վարչապետը բոլորին կընդունի:
Լուսանկարը և տեսանյութը՝ 1in.am-ի: