Ռուս գործարար, մեկենաս Գերման Ստերլիգովը ընտանիքի հետ միասին բնակության է մեկնել Լեռնային Ղարաբաղ
Ռուս հայտնի էքսցենտրիկ գործարար, մեկենաս, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում նաև «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը փակել է իր Սլոբոդայում գտնվող իր տան դռները, սկսել է վաճառել գույքը ու գնացել է Լեռնային Ղարաբաղ, գրում է vesti.ru-ն:
«ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հայտնվել է Ստերլիգովի տան լուսանկարը՝ պատուհանները փայտով փակած ու կից կա հետևյալ գրառումը: «Սլոբոդայի թարմ լուսանկարը՝ հուրախություն Ռուսաստանի թշնամիների: Վաղ եք ուրախանում: Կգա օրը ու մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով ու որդիներ»:
Այն, որ ֆերմերը հուլիսի 4-ին գնացել է Լեռնային Ղարաբաղ, «Նորությունների ռուսական ծառայության» հետ զրույցում հաստատել է նրա օգնական Պոլինա Սիրոտան:
«Նա գնացել է Լեռնային Ղարաբաղ, հայտնի չէ, թե երբ կվերադառնա, սակայն անպայման կգա: Նրան մեկնել ստիպել են լուրջ հանգամանքները»,-պատմել է նա:
Ընդ որում՝ ֆերմերի գործընկերներից մեկը հայտնել է, որ Սլոբոդան շարունակում է աշխատել նախկինի պես, սակայն ֆերմերական տնտեսությունը ու Ստերլիգովի ավտոպարկը իսկապես ակտիվորեն վաճառվում են:
Թե ինչ հանգամանք է ստիպել գործարարին ընտանիքի հետ Ռուսաստանից հեռանալ Լեռնային Ղարաբաղ, հայտնի չէ: