Մեծ Բրիտանիան Բակո Սահակյանին հրավիրելով՝ անուղղակի ճանաչում է ԼՂ-ն ու բան հասկացնում Ադրբեջանին. Ս.Սաֆարյան

Բակո Սահակյանին հուլիսի 8-ին Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում կայանալիք միջոցառմանը մասնակցությամբ հրավերով Մեծ Բրիտանիան, թեկուզ անուղղակի, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և դրանով բան է հասկացնում Ադրբեջանին:

Սա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքն է, ով ուշադրություն հրավիրեց հրավերի ձևակերպման վրա:

«Նախ, ձևակերպումները մենք տեսել ենք՝ գրված է դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: Այսինքն՝ ուզեն, թե չուզեն, ընդունում են, որ Բակո Սահակյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը: Եվ, թերևս, այդքանով նման հեղինակավոր հաստատությունը չի հերքում այս փաստը»,- նշել է քաղաքագետը:

Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Իրֆան Սիդիգը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն՝ պայմանավորված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Մեծ Բրիտանիա կատարվելիք այցով:
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատունը համապատասխան նամակ է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը, որին ի պատասխան բրիտանական կողմն ասել է, որ ԼՂ նախագահն «իշխանությունների կողմից հրավեր չի ստացել և Լոնդոնում գտնվելու ընթացքում որևէ պաշտոնատար անձի հետ չի հանդիպելու»։

Ստեփան Սաֆարյանն առաջարկում է հասկանալ այս հրավերի պատճառները՝ առաջարկելով ուշադրություն դարձնել ժամանակահատվածին, երբ եղավ հրավերը:

«Այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի և ընդհանրապես, Արևմուտքի հարաբերությունները չէի ասի՝ հարթ են, նման իրավիճակում Բրիտանիան չի գնա սրացումների, բայց միևնույն ժամանակ՝ այս հրավերը կատարելով «Չաթըմ հաուսը» գիտակցում է այն ռեակցիան, որը մենք տեսնում ենք, բայց անում է այդ քայլը, որովհետև ավելին հնարավոր չէ փչացնել Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերությունները, որքան դա փչացրել է Իլհամ Ալիևը: Եվ այդ անուղղակի ճանաչումով բան է հասկացնում Ադրբեջանին»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:

Նա նաև այն կարծիքին է, որ միջազգային այս կենտրոնը ցանկանում է նաև ԼՂ Նախագահի շուրթերից լսել, թե ինչպես է պատկերացնում Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորման իրավիճակը և ուր է տանում այն:

artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս