Կինը սուտ հաղորդում է տվել, թե իբր «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդ բռնաբարել են իրեն

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ և դատապարտվել 1 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, նրա վրա դնելով լրացուցիչ պարտականություններ` չփոխել մշտական բնակության վայրը և պարբերաբար ներկայանալ զրույցի վարքի վերահսկողությունը իրականացնող մարմնին:

Կնոջը նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ոստիկանությունում սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, տվել է սուտ հաղորդում, որ իբր «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդ բռնաբարել է իրեն,իսկ նրանցից մեկն իրենց ծեծելուց ու բռնաբարելուց հետո,իր առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով,իրենից հափշտակել է 200.000 դրամ գումար:

Դատարանն իր վճռում նշել է, որ մինչև դատաքննության սկսվելն, ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Մեղադրողը դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չի առարկել:
Դատարանը որոշում է կայացրել, արագացված դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը, հիմք ընդունելով նախաքննական մարմնի կողմից մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, հաստատված է համարել, որ կինը կատարել է ՀՀ քր. օր-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, որով էլ նա պետք է քրեական պատասխանատվություն կրի:

Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում, խնամքին մեկ անչափահաս երեխա ունենալը, իսկ անձը բնութագրող հանգամանք է համարում բնակության վայրում դրական բնութագրվելը, անկեղծորեն խոստովանելն ու զղջալը:

Պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի նշել:

Դատարանն անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի կրելու հարցին, նկատի ունենալով, որ վերջինս խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, ինչպես նաեւ նրա անձը բնութագրող տվյալները, հանգել է հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և գտել է, որ նրա նկատմամբ նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան, նրա վրա դնելով լրացուցիչ պարտականություններ:

 

Տեսանյութեր

Լրահոս