Երեխային և կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալված գործարար Խորեն Ղազարյանը կարող է ազատության մեջ հայտնվել
Գործարար Խորեն Ղազարյանին, ով կասկածվում է իր կնոջը՝ Վիկտորյային, ու դստերը՝ Նինային, դաժանորեն սպանելու մեջ, կարող են ազատ արձակել:
«Քննիչը հայտարարել է, որ նման դաժան սպանությունը չէր կարող իրականացնել 50-ամյա տղամարդը: Նրա կարծիքով՝ դա 20-25 տարեկան երիտասարդի ձեռքի գործ է»,- mk.ru-ին հայտնել է սպանված Վիկտորյա Կարագուլյանի եղբայրը՝ Սերգեյը:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը գործարարի՝ Կրեմլին նայող եռահարկ պենտհաուսում: Սպանության նախօրեին Խորենը հանդիպման է գնացել ընկերների հետ: Հետաքննության նախնական վարկածով՝ տղամարդը տուն է վերադարձել առավոտյան ժ. 04:00-ի սահմաններում, կինը բացել է դուռն ու մի քանի դանակի հարված ստացել: Աղմուկ լսելով՝ երեխան դուրս է եկել մանկական սենյակից, հանցագործը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխայի վզին, ձեռքերին, ոտքերին:
Դրանից հետո, ինչպես ենթադրում են քննիչները, մարդասպանը դանակը թաքցրել է աման լվացող սարքում, ապա ներսից փակել է դուռն ու տանիքով հեռացել:
Ընտանեկան ողբերգության մասին ոստիկաններն իմացել էին Ղազարյանից: Վերջինս պատմել է, որ գիշերը թղթախաղ խաղալուց հետո ընկերներն իրեն տուն են բերել, սակայն չի կարողացել տուն մտնել, քանի որ դուռը ներսից չեն բացել: Ինքը որոշել է, թե կինը նեղացել է իրենից , իջել է ներքև ու գիշերը մեքենայում է անցկացրել:
Կեսօրին, այդպես էլ չկարողանալով զանգահարել կնոջը բջջայինով, հավաքարարին խնդրել է տանիքից տուն մտնել: Վերջինս կատարել է խնդրանքը, սակայն պատուհանից տեսել է աղջկա մարմինն ու վախից հեռացել է: Այդ ժամանակ Խորենը զանգել է Ոստիկանություն: Նա նաև կանչել է բնակարանում վերանորոգում իրականացրած վարպետին, ով տանիքից տուն է ներթափանցել ու դուռը բացել է ոստիկանների առաջ:
Անձամբ Ղազարյանը հետաքննությանը հանցագործության երկու մոտիվ է հայտնել: Դրանից մեկի համաձայն՝ իր տուն գողեր են մտել, որոնք հափշտակել են երևացող մասում դրված 1500 դոլարը, մյուսի համաձայն՝ կինը կատաղության նոպայում անձամբ է սպանել իրենց դստերն ու ինքնասպան եղել:
Խորեն Ղազարյանին սպանության մեղադրանք է առաջադրվել: Ներկայում տղամարդը քննչական մեկուսարանում է:
Ղազարյանի կալանավորումից հետո նրա ընկերները վարձել էին 3 փաստաբան:
«Ղազարյանը, ամենայն հավանականությամբ, մեղավոր չէ ու ազատ կարձակվի: Բանն այն է, որ մեզ անհասկանալի պատճառներով՝ փոխվել է քննիչը, որը ի սկզբանե վարում էր գործը: Նա 100 տոկոսով վստահ էր, որ սպանությունը կատարել է Ղազարյանը: Երբ մենք կապվեցինք նոր քննիչի հետ, նա մեզ հստակ ասաց, որ կնոջ ծեծելը, նրան դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելը, ապա երեխայի հետ հաշվեհարդար տեսնելը 50-ամյա տղամարդու ուժերից վեր է, որը սպորտով էլ չի զբաղվել ու հազիվ է քայլում: Նման հանցագործությունը բնորոշ է 20-25 տարեկան երիտասարդին: Իմ այն հարցին՝ կա՞ արդյոք կասկածյալ, նա պատասխանել է՝ ոչ: Սպանությունը գործել է անհայտ անձը: Ես հասկացա, որ Ղազարյանի ընկերները զուր չէ, որ նրա համար ամեն ինչ անում էին: Երևի գործը կփակվի, իսկ Խորենին ազատ կարձակեն»,- ասել է Սերգեյ Կարագուլյանը: