Բաժիններ՝

Լիսկան ցուցարարներին «հրավիրել է սուրճի»

Հունիսի 24-ին տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցրել է Կապանի քաղաքապետարանի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ցույցը, քաղաքապետարանն էլ ի սկզբանե ամեն կերպ խոչընդոտել է ցուցարարներին, նախ՝ պրոյեկտորի համար արգելելով էկրան տեղադրել, ապա՝ հոսանք չտրամադրելով: Ցուցարարներին ցրելու մասին տեղեկությունների տարածվելուց հետո Կապանից սկսվեց լրատվության երկրորդ ալիքը, այս անգամ՝ ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի: 168.am-ը փորձեց անձամբ Սուրիկ Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ: Ու թեև մեր հեռախոսազանգին անձամբ մարզպետը պատասխանեց, սակայն հարցերն անպատասխան թողեց: Միայն հորդորեց դրանք գրավոր ուղարկել՝ խոստանալով արագ պատասխանել:

Իրականում հույս չունենալով որևէ արձագանքի, հարցերն ուղարկեցինք մարզպետարանի էլեկտրոնային հասցեին: Եվ ահա այսօր՝ հուլիսի 3-ին, ստանում ենք Խաչատրյանի պատասխանը (մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ)՝ թղթային տարբերակով, որում, մասնավորապես, նշվում է.

«Կապանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույց անելուն արգելք չի եղել, ոչ էլ մասնակիցներին ցրել են: Այդ մասին փաստում են հենց իրենք՝ Կապան քաղաքային համայնքի «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» շարժման ակտիվիստները»: Այս գրության մեջ նշված են նաև էլեկտրոնային լրատվամիջոցների 2 հրապարակումների հասցեներ, որոնց առանցքը նույնն է՝ հունիսի 24-ին Կապանում տեղի ունեցած նստացույցը չեն փորձել ցրել, լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նշվում է, թե Խաչատրյանը պարզապես այցելել էր ցուցարարներին՝ հայտնելու համար իր «մտահոգությունը» նրանց առողջությամբ, ու առաջարկել տեղափոխվել սուրճի սեղանների մոտ: Մարզային հեռուստատեսության տեսանյութում երիտասարդներն «անկաշկանդ քննարկում են ծավալում» քաղաքի պուրակներից մեկում, իսկ տեսախցիկի առջև էլ ամեն կերպ ջերմեռանդորեն պաշտպանում են մարզպետին, վստահեցնում, թե կապանցի երիտասարդները ոչնչով կաշկանդված չեն:

Թերևս, կարելի է միայն փաստել, որ կապանցի այս երիտասարդները շատ լավ «դաստիարակված» են և իրենց մարզպետի շողքից անգամ հասկանում են, թե ինչ է պետք անել՝ սեփական առողջությունն անվտանգ պահելու համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս