«Իհարկե, խնդիրը քաղաքական է». Զարուհի Փոստանջյանը՝ Բաղրամյանում տիրող իրավիճակի մասին
«Ոստիկանության գործողությունները օրենքից դուրս էին, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է»,- խոսելով Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսաբացին տեղի ունեցած դեպքերի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, մինչ հիմա մենք չունենք որևիցե մեկին, ով պետք է մեղադրվեր այս ամենի համար: Ըստ նրա՝ և՛ հրաման տվողը, և՛ հրաման կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Ապօրինի է տրված հրամանը՝ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու, ինչպես նաև ապօրինի էր այդ մարդկանց բերման ենթարկելը»:
Այն, որ հունիսի 23-ից հետո «մեզ չեն ծեծում ոստիկանները, ջրցան մեքենայի հոսանքը չեն պահում մարդկանց վրա», ըստ Զ. Փոստանջյանի՝ միգուցե դրական է, բայց «ոչ թե ոստիկանները վերափոխվել են, այլ ուղղակի երևի հրաման չունեն»:
Զ. Փոստանջյանը կարծում է՝ ոստիկանների բռնությունների դեմ պայքարելու համար պետք է դիմադրություն լինի հանության կողմից, ու ոչ միայն Բաղրամյան պողոտայում, այլ՝ հանրաետության բոլոր քաղաքներից:
Պատգամավորի խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերը ներգրավված էին այդ գործընթացի մեջ, բերման ենթարկվածների մեջ կային տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ իրենց վարչության երիտասարդներից էլ էին բերման ենթարկել: «Իսկ այն, որ ասում են՝ պետք չէ քաղաքականացնել, իրենց այնտեղ գտնվելը և պահանջ ներկայացնելն արդեն քաղաքական հայտ է, ուղղակի իրենք մտավախություն ունեն, որ ինչ-որ մի խումբ կարող է վերցի և այդ համաժողովրդականությունը փորձի փոքրացնել: Իհարկե, խնդիրը քաղաքական է, եթե քաղաքական չլիներ, ուրեմն՝ սոցապ նախարարից կպահանջնեին պատասխան, կամ կգնային պարոն Բիբինի մոտ իրենց բողոքը կհայտնեին»,- ասաց պատգամավորը:
168.am-ի հարցին՝ չե՞ք կարծում, որ ինչ-որ քաղաքական ուժեր փորձեցին ուղղորդել ժողովրդին, և պառակտում մտցվեց հասարակության մեջ, Զ. Փոստանջյանը պատասխանեց, թե չի կարծում, որ կա պառակտում. «Ես կարծում եմ, որ բանավեճը շարունակվում է, թե որն է լինելու հետագա քայլերը, բոլորը վերլուծում են և դա շատ ողջունելի է, որ հենց այդ հունով է գնում գործընթացը»:
Մեր դիտարկմանը՝ բայց մարդկանց թիվը զգալիորեն կրճատվել է Բաղրամյան պողոտայում, Զ. Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Ես բոլոր խմբերի հետ նախորդ օրերին փորձել եմ խոսել, շփվել: Այստեղ շատի և քչի խնդիրը չէ, կարևորն այն է, որ օրակարգ ես ձևակերպում և այդ օրակարգը պարտադրում ես, իսկ հիմա Բաղրամյան պողոտան այս պահի դրությամբ շարունակում է պահել օրակարգը: Դա է շատ կարևոր, որ հարցին լուծում չի տրվել, բայց շարունակվում է օրակարգում մնալ»:
Մեր այն դիտարկմանն էլ, թե նախաձեռնող խմբի տղաներն արդեն այնտեղ չեն, որ ուղղորդեն մարդկանց, Զ. Փոստանջյանը պատասխանեց,որ հիմա Բաղրամյան պողոտայում կազմվում են համակարգող խմբեր, որպեսզի կարողանան կազմակերպված գործել:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները երեկ՝ հունիսի 30-ին ձևավորեցին քաղաքացիների համակարգող խումբ, ապա միասին կազմեցին նոր նախաձեռնող խումբը:
Նախաձեռնող խմբում ընդգրկված են Նարեկ Այվազյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից), Դավիթ Սանասարյանը («Ժառանգությունից»), Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լևոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը և Դավիթ Հովհաննիսյանը։
Լուսանկարը՝ Ռազմիկ Մարտիրոսյանի