
Արցախում առաջին անգամ կազմակերպվելու է Խնոցու փառատոն

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում հունիսի 2-ին` ժամը 13:00-ին, Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում առաջին անգամ կազմակերպելու է Խնոցու փառատոն:
Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրության կենտրոնի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ փառատոնին ներկայացվելու է խնոցու հարման ողջ գործընթացը: Ստացված կաթնամթերքը մատուցվելու է ավանդական ձևով:
Փառատոնի նպատակն է արցախյան ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը: Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, խաղերով ու խաղերգերով, արցախյան երգ-երաժշտությամբ: