«Գործն իրեն սիրել է տալիս». Սերգեյ պապիկ

Վերջերս «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ հանդիպում ենք Արցախը խորհրդանշող հուշանվերներ պատրաստող պապիկի:

«Ապառաժ»-ի թղթակցի հետ զրույցում պապիկը, որի անունը Սերգեյ Ավանեսյան է, պատմեց, որ բարձրագույն կրթություն չունի, արհեստագործական ուսումնարան էլ չի հաճախել, ինքնուրույն է սովորել փայտարվեստը, սակայն սիրով է կատարում իր գործը:
«Փայտի հետ աշխատելն ինքս եմ սովորել, միայն մի քանի նախշ են ցույց տվել մասնագետ ծանոթներս,- ասում է նա և շարունակում,- աշխատանքս շատ եմ սիրում, որովհետեւ հարազատ մարդկանց կարող եմ իմ ձեռքով պատրաստած իրեր նվիրել: Յուրաքանչյուր իր, յուրաքանչյուր հուշանվեր ունի իր պատմությունը»:

Սերգեյ Ավանեսյանը երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում, իսկ Արցախյան պատերազմի տարիներին ցուցաբերել է իր մասնակցությունը, կռվել է Մարտակերտի շրջանում: Վիրավորվել է 1994-ին՝ Սեյսուլանի մարտերում:

Ունի հաշմանադմության 2-րդ կարգ, դրա համար էլ ֆազիկական աշխատանքը Սերգեյ Ավանեսյանի համար դժվար է: Որպեսզի անգործ չմնա, որոշել է այնպիսի աշխատանքով զբաղվել, որը եւ թեթև է, եւ հաճելի:
«Արդեն 20 տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով: Փորձում եմ աշխատանքներիս մեջ նորություն մտցնել»,- ասում է Սերգեյ պապիկը:

Գործից դժգոհ չէ, ունի իր մշտական գնորդներն ու պատվիրատուները, իսկ ամռան շրջանում դրանց ավելանում են Արցախ այցելող զբոսաշրջիկները: Պապիկն ուրախ է, որ իր պատրաստած հուշանվերները, որնոք խորհրդանշում են Արցախը, հասնում են հեռավոր երկրներ, պատմում Արցախի մասին:

Սերյոժա Ավանեսյանը կոչ է անում երիտասարդներին հետաքրքրվել փայտարվեստով, որովհետեւ, ինչպես նա է ասում, եթե զբաղվեցիր այդ գործով, այլեւս չես կարողանա հրաժարվել: Գործն իրեն սիրել է տալիս:
«Երիտասարդ սերունդը պետք է գիտակցի, որ փայտարվեստը հնուց եկած արվեստ է: Այն պիտանի գործ է, նաեւ եկամտաբեր,- ասում է նա և ավելացնում,- իմ որդին, ունենալով բարձրագույն կրթություն, ազատ ժամանակ սովորում է այս գործը, ասում է. «Չի խանգարում, մեկ էլ տեսար պետք եկավ»:

«Այս գործից ստացած եկամուտս ինձ բավարար է, նույնիսկ չեմ հասցնում որոշ գործեր պատրաստել, քանի որ շատ շուտ վաճառվում են,- շեշտում է նա եւ կոչ անում,- սիրեք ձեր աշխատանքը, կատարեք այն սիրով ու նվիրումով եւ կտեսնեք, թե ինչքան այն կգեղեցկացնի ձեր կյանքը….»:

p

????????????????????????????????????
Լուսինե Թևոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս