ՀՀ ԱԱԾ-ն «одноклассники»-ի միջոցով մոլորեցրել է Ադրբեջանի հատուկ ծառայություններին

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, զանգվածային լրատվամիջոցներում, պարբերաբար տարածել էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին հայտարարություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված ուժերի նախկին զինծառայողներ ներկայանալու, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու և տվյալներ կորզելուն ուղղված ապարդյուն գործառույթներից:

Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնից։

Համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, ինչպես նաև հայրենասիրական գաղափարներով օժտված հայ երիտասարդների օգնության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացը և արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում և խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:

Այս անգամ, «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր «Hovik Margaryan»-ը, «Edgar Minasyan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը և «Norik Margaryan»-ն, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու և նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ:

Տեսանյութեր

Լրահոս