Բացահայտվել են 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության հանգամանքները, շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ում դին հայտնաբերվել էր 2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:20-ի սահմաններում, Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ:

Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿ հիմնարկում պատիժ կրելու ընթացքում Լ.Բունիաթյանը ծանոթացել է Երևանի բնակիչ Տ.Գալուստովի հետ և պատժի կրումից ազատվելուց հետո շարունակել շփումները։

Տեղեկանալով, որ վերջինիս ընկերը զբաղվում է ոսկյա զարդերի առևտրով՝ տուժածն իր ընկերոջ և Տ.Գալուստովի հետ համաձայնության է եկել նրանից ոսկյա զարդեր պարտքով վերցնելու հարցի շուրջ՝ կրկնակի եկամուտ ստանալու ակնկալիքով։

Քննության տվյալներով՝ երիտասարդների միջև հետագայում ստեղծվել է անհամաձայնություն՝ գումարային պարտք ու պահանջի հարցի շուրջ։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 01-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայի մեջ, վարորդի ներկայությամբ, Լ.Բունիաթյանն ու Տ.Գալուստովը վիճել են գումարային պարտք ու պահանջի խնդիրների շուրջ։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Տ.Գալուստովը, կարծելով, որ իրեն խաբել են, ավտոմեքենայի մեջ մեկ անգամ կրակել է իր հետ ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղին նստած Լ.Բունիաթյանի գլխի հատվածի ձախ քունքային շրջանին, որի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից Լ.Բունիաթյանը մահացել է:

Նույն տաքսի ավտոմեքենայով Լ. Բունիաթյանի դին տեղափոխվել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարևանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք, որտեղ ևս մեկ ստուգողական կրակոց է արձակվել Լ.Բունիաթյանի ծոծրակային հատվածին, և դին թողնելով գնացքի գծերի մոտ` տաքսի ավտոմեքենայով հեռացել է:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Գալուստովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս