Բաժիններ՝

Մոր կրծքավանդակին հենվելով՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան. մայրը մահացել է

Վերաքննիչ դատարանը մերժել է ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մոր սպանության մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալի պաշտպանի բողոքը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մորը դիտավորությամբ զրկել է կյանքից, այն է՝ պարբերաբար գործածել է ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան: Հերթական անգամ դուրս է եկել տանից, գործածել ոգելից խմիչք, այնուհետև գնացել է տեսակցելու կնոջ խնամքի տակ գտնվող իր որդուն, սակայն ոգելից խմիչք օգտագործած լինելու պատճառով կինն արգելել է նրան տեսակցել որդուն, ինչից վրդովված վերադարձել է, խանութից գնել է օղի, գնացել տուն և մորից պահանջել կերակուր պատրաստել, իսկ ինքը խմել է գնված օղին:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մայրը ցանկացել է գնալ խանութ՝ ձեթ գնելու նպատակով, որի ժամանակ ամբաստանյալը պահանջել է իր համար օղի գնել, ինչի առիթով մայրը նախատել է նրան՝ անվանելով հարբեցող, որի կապակցությամբ հիշյալ բնակարանի միջանցքում ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչի արդյունքում մայրը վայր է ընկել միջանցքը ննջասենյակին միացնող հատվածում և ընկած վիճակում շարունակել նախատել որդուն, ով ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր կենսականորեն կարևորագույն օրգանի՝ գլխի շրջանին, և պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում՝ ապօրինաբար կյանքից զրկել մորը:

Ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունք է տվել այն մասին, որ գտնվելով խմիչքի ազդեցության տակ, չի գիտակցել, թե ինչ է կատարվում, միայն հիշում է մորը` գետնին ընկած վիճակում, ինչից էլ վախեցած՝ կանչել է վերևի հարկի հարևանին, որից հետո շտապօգնություն են զանգահարել: Կատարվածի համար զղջում է:

Պաշտպանի հարցերին պատասխանել է, որ մորը սպանելու կամ մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակ չի ունեցել: Այդ օրը եղել է խմած, գնացել է երեխաներին տեսակցելու, սակայն կինը թույլ չի տվել: Ինքը չի հասկացել, թե ինչ է կատարվել:

Մոր հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ: Մինչև տվյալ դեպքը, եղել է դեպք, երբ ալկոհոլային խմիչքի ազդեցության ներքո, լինելով նյարդայնացած վիճակում, ծեծի է ենթարկել մորը: Մոր հետ հիմնական վիճաբանությունների պատճառ է հանդիսացել իր կողմից ալկոհոլի չարաշահումը, մայրն իրեն հաճախակի նախատել է շատ խմելու համար, ինչից էլ ինքը նյարդայնացել է: Դեպքի օրը գործերով դուրս է եկել տանից, այնուհետև ուղևորվել է երեխաներին տեսակցելու, որից հետո տուն վերադառնալու ճանապարհին ալկոհոլային խմիչք է ձեռք բերել ու օգտագործել: Վերադառնալով տուն՝ կրկին սկսել է վիճաբանել մոր հետ, որը տեղի է ունեցել իրենց երեքսենյականոց բնակարանի միջանցքում: Վիճաբանության ընթացքում հրել է մորը, ձեռքով հարվածել դեմքի շրջանին: Դրանից հետո տեսնելով մորը գետնին ընկած վիճակում՝ վախեցել է, ձայն տվել վերևի հարևանին, որից հետո շտապօգնություն են զանգահարել:

Ընդհանուր իրավասության դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել մորը սպանելու մեջ և դաստապարտել 12 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալի պաշտպանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ նշելով, որ գործով հետազոտված որևէ ապացույցով չ ի հաստատվել ամբաստանյալի դիտավորությունը՝ մորը մահ պատճառելուն:

Պաշտպանը նշել է, որ գործով վկաների ցուցմունքներով հաստատվել է, որ եղել է վեճ, ծեծ և, եթե որևէ դիտավորության մասին կարող է խոսք գնալ, ապա դա մարմնական վնասվածք կամ վնասվածքներ պատճառելն է, ինչն էլ անզգուշությամբ հանգեցրել է տուժողի մահի, քանի որ ամբաստանյալը բազմիցս հայտնել է, որ չի ցանկացել մորը սպանել, չի հասկացել՝ ինչ է կատարվել իր հետ։ Ըստ պաշտպանի՝ սպանություն կատարելու դիտավորություն ունեցող անձը շտապօգնություն չէր կանչի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս