
«ՀՀԿ-ն երբեք միտինգային տրամադրություն չի ունեցել»

«ՀՀԿ-ն երբեք միտինգային տրամադրություն չի ունեցել և մտահոգիչ հարցերը միտինգներով չի փորձել լուծել: ՀԾԿՀ նախագահին հրավեր է ուղարկվել և նա ցանկություն է հայտնել մասնակցել ԱԺ լսումներին՝ սակագնի թանկացման համար ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ամեն դեպքում, ըստ նրա, էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված իրավիճակը պետք է մտահոգիչ լինի ՀՀ ղեկավարության համար:
Գողության մասին նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը մեկնաբանելուց Գ.Մելիքյանը հրաժարվեց. «Ես զերծ կմնամ նման զգայուն հարցը նման տերմիններով մեկնաբանելուց: ՀԷՑ-ի հայտը չի կարող ամբողջությամբ բավարարվել, քանի դեռ չի ուսումնասիրվել ՀԾԿՀ կողմից և քանի դեռ լայն քննարկում չի անցել: Որոշակի հիմնավորումներ կարող է գտնվել սակագնի բարձրացման առումով, նշեմ միայն մեկը՝ արժույթի տատանումները՝ դրամ-դոլար հարաբերակցությունը»: Թե որքանով տեղ ունի կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների գործոնը, Գ.Մելիքյանի կարծքով պետք է ուսումնասիրվի: