ԱԺ պատգամավորները հանդիպել են ԳԴՀ պաշտոնյաների հետ
Ավարտվել է մայիսի 18-20-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի շրջանակում պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղար Մարկուս Էդերերի, ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դր. Նորբերթ Ռյոթգենի, Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Միխաել Բրանդի, ինչպես նաև ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՀՀ գծով զեկուցող Մարտին Պետցոլդի, ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հոհանն Վադեֆուլի,ԳԴՀ Բունդեսթագի մշակութային և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Ս.Էհրմաննի և ԳԴՀ Բունդեսթագում իշխող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու առկա համագործակցության ձևաչափերի իրացմանն առնչվող հարցեր, կարևորվել է երկկողմ խորհրդարանական համագործակցությունը միջազգային կազմակերպությունների վեհաժողովների շրջանակներում:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն համագործակցութանը, դրանք ամրապնդելու գործում Գերմանիայի կողմից աջակցությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու Հայաստանում գերմանական ներդրումների կատարման հնարավորություններին:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին, դրանց շուրջ Գերմանիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և այդ համատեքստում Բունդեսթագի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծին: