Զարուհի Փոստանջյան. «Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը»

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Ազգային Ժողովում.

«Անպատժելիության ու վախի մթնոլորտի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ հանցագործությունների մասին փաստերը բազմիցս են հրապարակվել զանգվածային լրատվամիջոցներով, սակայն քրեաիրավական պատշաճ արձագանք չեն ստացել։

2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից  ղեկավարվող  զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակումներ է  գործել  անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական ու գույքային վնասներ։

Ավետիք Բուդաղյանի սպանությունը թողնելով անպատիժ և ապօրինի մեղադրելով Արտակ Բուդաղյանին` այսօր ունենք հետևանք, սույն թվականի մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծից մարմնական վնասվածք ստացած երիտասարդներ Հարություն և Մուշեղ Զաքարյաններ:

Ուստի`գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք,

գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ  տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը որպես  հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեաիրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝

Դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից:

Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը»:

Տեսանյութեր

Լրահոս