Բաժիններ՝

Եղանակային պայմանները խուչընդոտո՞ւմ են ՀՔԾ-ի գործունեությանը

2014թ.-ի սեպտեմբերի 10-ին Տիգրան Մելիքյանը դիմել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար: Քաղաքացին հայտնել է, որ 2010 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության Լոռու տարածքային բաժնում՝ որպես տեսուչ:

Իր դիմումի մեջ քաղաքացին նկարագրել էր մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված օրինազանցությունների և պաշտոնական լիազորությունների չարաշահումների մասին, որոնք կատարվել են իր աշխատելու ժամանակահատվածում:

Խոսքը վերաբերում է անօրինական ծառահատումներին, որն ըստ քաղաքացու կատարվել էին Թումանյանի ոստիկանության բաժնի պետ Արթուր Հարությունյանի և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի հովանավորությաբ:

Ըստ քաղաքացու՝ նշված ժամանակահատվածում Անուբախ Համբարյանը ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն էր և ապօրինի փայտանյութի ամբողջ շարժը իրականացվում էր նրա վերահսկողության ներքո: Քաղաքացին նշել էր նաև, որ Լոռու մարզի բոլոր անտառապետերը իրենց տնօրենների միջոցով ամսական վարձատրություն էին տալիս Անուբախ Համբարյանին:

Ըստ քաղաքացու դիմումի այդ ժամանակ «Դսեղ» անտառտնտեսության անտառապահն ուներ տարբեր տեսակի մեքենաներ՝ տրակտորներ, կամազ կոնտեյներներ, Գազ և Զիլ մակնիշի ավտոնեքենաներ և յուրաքանչյուր տարվա մայիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամեն օր բացի իր մեքենաներից նա բարձում էր 30 այլ բեռնատար մեքենաներ:

Անտառապետը յուրաքանչյուր մեքենայից վերցնում էր օրավարձեր: Բացի դրանից, ապօրինի հատված ծառերից շինափայտ էր տալիս Դսեղ գյուղի շուրջ 30 աթոռի ցեխերին և սղոցարաններին: Ինչպես նշում է կազմակերպությանը դիմած քաղաքացին՝ անտառապահը իր աշխատանքից վարձահատույց էր լինում Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանին և Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանին:

Եթե հաշվարկենք քաղաքացու ներկայացրած գումարների չափը, ապա ստացվում է՝ Ոստիկանությունը օրական միջինը 2 մլն դրամ շահույթ էր ունենում միայն փայտանյութ տեղափոխողներից, իսկ աթոռի ցեխերից և սղոցարաններից համապատախանաբար 200 և 800 հազար դրամ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հիմք ընդունելով քաղաքացի Տիգրան Մելիքյանի կողմից ներկայացված տեղեկությունները 2014թ.-ի սեպտեմբերի 15-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ-ին՝ քրեական գործ հարուցելու պահանջով:

2014թ.-ի սեպտեմբերի 29-ին ՀՀ ՀՔԾ-ն որոշում է կայացրել հարուցել քրեական գործ, գործն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունների շրջանակում կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար կաշառք ստանալու դեպքի առթիվ:

2015թ.-ի ապրիլի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ որպես քրեական գործի վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձ՝ որևէ տեղեկություն չունենալով նախաքննության ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՔԾ-ին, մասնավորապես այն մասին, թե ինչ ընթացքի մեջ է գտնվում քրեական գործի վարույթը, ինչ քննչական գործողություններ են կատարվել, ովքեր են հարցաքննվել և ինչ կարգավիճակով, և գործում ներգրավված են արդյոք մեղադրյալներ կամ կասկածյալներ, թե ոչ:

Ի պատասխան կազմակերպության հարցման՝ ՀՔԾ-ն 2015թ.-ի մայիսի 5-ին տրամադրել է պատասխան, որով տեղեկացրել է, որ քրեական գործը գտնվում է ընթացքի մեջ, կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որպես վկա հարցաքննվել են բազմաթիվ անձիք, բացի այդ՝ նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի գործունեության ստուգում, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով դրա կատարումը հետաձգվել է և ստուգման ակտը դեռևս չի ստացվել:

Այսպիսով, 2014թ.-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2015թ.-ի մայիսի 5-ը եղանակային պայմանները անբարենպաստ են ազդել քննչական գործողությունների կատարման վրա: ՀՔԾ-ն իր պատասխանում նշել է նաև, որ սույն քրեական գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ունեցող անձիք չկան:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս