Թանգարանների միջազգային օրը նշեցին նաև Արցախում

Թանգարանների միջազգային խորհուրդը 1977 թվականի մայիսի 18-ը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այն ամենամյա տոն է, որը հավելյալ առիթ է հանդիսանում հասարակության մեջ բարձրացնելու տեղեկացվածությունը թանգարանների մասին: Աշխարհում ավելի քան 150 երկիր, այդ թվումч Հայաստանը եւ Արցախը ամեն տարի նշում են այդ օրը, որը 1997 թվականից ավելի շատ հայտնի է իր թանգարանային գիշերներով:

Թանգարանների միջազգային օրվան ի շարս այլ թանգարանների միացել էին նաեւ Տիգրանակերտի հնագիտական թանգարանն ու Տողի մելիքական ապարանքը: ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության եւ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օրվա խորհրդին համահունչ մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել «Տիգրանակերտ» եւ «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցներում:

«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում Տիգրանակերտում այցելուներին ցուցադրվեց զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պատվերով եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերության կողմից նկարահանված «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց» նոր ֆիլմը, որը ներկայացնում է հայոց հնագույն քաղաքի պատմությունը եւ որը միտված է հանրահռչակելու Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցը: Նախատեսվում է ֆիլմը թարգմանել նաեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Այն շուտով հասանելի կլինի նաեւ համացանցում: Ֆիլմի դիտմանը հաջորդեց արդեն ավանդական դարձած թեյի հյուրասիրությունը՝ դասական երաժշտության գեղեցիկ հնչյունների ներքո: Դասական երաժշտությանը գումարվեց նաև դասական երգեցողությունը արդեն այցելուների նախաձեռնությամբ: Կոմիտասի երգերի հնչյունները թեւածում էին «գիշերային Տիգրանակերտում»:

«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում ժամը 16-ից արդեն իշխում էին ազգային երգ-երաժշտությունը, պարն ու բարձր տրամադրությունը, որն ապահովում էին Տողի արվեստի դպրոցի սաները: Պատմական փաստեր ներկայացնող ցուցանակների կողքին ներկայացված էին նաեւ Տողի արվեստի դպրոցի սաների նկարները: «Տողի մելիքական ապարանք» արգելոցի այցելուներին նույնպես սպասվում էր թեյի հյուրասիրություն, ղարաբաղյան թոնրի գաթաներով:

Ա. Հայրապետյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս