Բաժիններ՝

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում

Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը նախարարությունում իրականացվող ծրագրերին օգնություն և աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ նախարարության հետ սերտորեն համագործկեցլու համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բոթոյանին պարգևատրեց ՀՀ ՏԿԱԻ «Համագործոկցություն հանուն փրկության» մեդալով:

Նախարար Ա. Երիցյանը անդրադարձավ Մոսկվա կատարելիք եռօրյա աշխատանքային այցին` նշելով, որ գործուղման ընթացքում հանդիպումներ կունենա ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի և ՌԴ ֆեդերալ միգրացիոն ծառայության պետ Կ. Ռոմոդանովսկու հետ: Նախարարի խոսքով` Վ. Պուչկովի հետ կստորագրվի փաստաթուղթ` հայ-ռուսական հումանիտար կենտրոնի բացման կապակությամբ:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց Միջազգային որոնողափրկարարական խոհրդատվական խմբի (INSARAG) և ՀՀ ՊՆ-ի հետ իրականացվող ծրագրերի ու համագործակցության, ինչպես նաև՝ Փրկարար ծառայության օդադեսանտային փրկարարական ջոկատի գործնական պարապմունքների ընթացքի վերաբերյալ:

ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը զեկուցեց Գառնիի երկրաֆիզիկական կենտրոնի բացման աշխատանքների մասին: Նրա խոսքով` բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են, և մնացել են միայն փոքր ծավալի աշխատանքները:

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը տեղեկացրեց, որ պատրաստվել է սեյսմիկ պաշտպանության ոլորտի գործառությներին վերաբերող նախագծերի փաթեթ. Վերջինս ներկայացվելու է Ասիական զարգացման բանկ՝ ֆինանսավորման նպատակով:

ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին:

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Մայիսի 15-ին գործել է 230 հակակարկտային կայան, արձակվել՝ 156000 կրակոց, իսկ շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, արձակվել է 205000 կրակոց: Նրա հավաստմամբ` կարկտահարությունից մասամբ տուժել են Արագածոտնի ու Արմավիրի մարզերը, ինչը կարող է ազդել միայն բերքատվության որակի վրա:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց հանրապետության մարզերում «911» ծառայություն ստացվող զանգերի տեղայնացման ծրագրի իրականացման մասին և նշեց, որ հանրապետության 5 մարզերում նշված գործընթացն արդեն ավարտվել է:

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս