Անպատվաբեր դրամահավա ՞ք, թե՞ պատվաբեր ներդրում և թափանցիկ հաշվետվություն
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն հանրակրթական դպրոցների տնօրեններից պահանջվում է ամեն տարի իրականացնել դպրոցի գործունեության ներքին գնահատում, որը պետք է ներկայացվի դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներին և հրապարակվի մինչև նոր ուսումնական տարվա սեպտեմբերի 5-ը:
Հրապարակման ամենանպատակահարմար տեղը դպրոցի կայքէջն է, սակայն դրանք դրված չեն Yerevan.am կայքում, հետևաբար չեմ գտել ոչ մի հաշվետվություն, որտեղ կերևար, թե մասնավորապես դպրոցն ի՞նչ է ներկայացրել Կառավարության «Դպրոցի ներքին գնահատման չափորոշիչների» վերաբերյալ 03.09.2010թ. N1334-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ Թ կետի պահանջով ծնողների կողմից դրամական ներդրումների տարեկան չափի մասին: Վերոնշյալ կարգի համաձայն կառավարության կողմից խրախուսվում է այն դպրոցը, որտեղ ծնողներն անում են դրամական ներդրումներ, հետևաբար այդ ցուցանիշը կբարձրացնի դպրոցի վարկանիշը, որում ցանկացած տնօրեն շահագրգռված է:
Ինձ հայտնի չէ որևէ դպրոց, որտեղ գործում է ծնողական հիմնադրամ և որին ծնողները մասնակցում են կամավորության սկզբունքով, որովհետև ծնողական ներդրման անունը պաշտոնյաները դրել են «դրամահավաք» և արգելում են:
Ինձ հակադարձում են, թե ծնողները կամավոր ներդրում չեն անի: Երբեք համաձայն չեմ, ամեն ինչ կախված է տնօրենի կողմից դպրոցի ֆինանսական խնդիրները ներկայացնելու ճիշտ ձևակերպումից և ամենամսյա ազնիվ հաշվետվությունից: Եթե ծախսերի հաշվետվությունը ազնվորեն է ներկայացվում, ապա ծնողները վստահում ու կամավոր ամսեկան 200-300 դրամ ներդրումներ են անում: Ծնողական հիմնադրամը տնօրինող խորհուրդը, որի անդամների նպատակը պետք լինի միա՛յն աշակերտների կրթության առավել բարձր մակարդակ ապահովելը և ո՛չ ավելին, պետք է յուրաքանչյուր ամիս ծնողական համայնքին ներկայացնի հաշվետվություն այն մասին, թե տնօրենն այդ ամսում ինչ ծախսերի առաջարկ է արել ծնողական խորհրդին և որ ծախսերն են հավանության արժանացել նրա կողմից ու իրականացվել:
Սեփական փորձով համոզվել եմ, որ ծնողների իսկապես կամավոր մասնակցությունը դպրոցի կյանքին համագործակցության շատ լավ օրինակ է լինում թե’ ծնողների, թե’ աշակերտների համար: Նման մասնակցությունը երկուստեք պարտավորեցնող է լինում: Ամսեկան հավաքված այդ գումարը շատ տարբեր տնտեսական հարցեր է լուծում, որոնք հաճախ առձեռն գումար են պահանջում տնօրենից, ինչպես նաև սովորողներին թատրոն, թանգարան տանելու կամ միջոցառումների համար տարբեր պարագաներ, նյութեր գնելու համար է ծառայում, որը միևնույն է հավաքվում է ծնողների կողմից և չգիտես ինչու անունը դրվում է «դրամահավաք»:
Փաստորեն, վերոնշյալ կարգի համաձայն մի կողմից կառավարության կողմից խրախուսվում է այն դպրոցը, որտեղ ծնողներն անում են դրամական ներդրումներ և այդ ցուցանիշը բարձրացնում է դպրոցի վարկանիշը, մյուս կողմից նույն կառավարությունը, ի դեմս ԿԳ նախարարի, Երևանի քաղաքապետի և մարզպետների, կատեգորիկ արգելում են ծնողական ներդրումները: Իհարկե իրավացիորեն ինձ կհակաճառեն ասելով, որ «ներդրում» և «դրամահավաք» բառերի նշանակությունը տարբեր է, առաջինը նույնացվում է կաշառքի հետ, որն իսկապես անթույլատրելի է, սակայն այդ պաշտոնյաները չեն նշում, որ արգելվում է քննությունների ընթացքը կազմակերպելու, ատեստատները գրելու, դասավանդող ուսուցիչներին և տնօրեններին նվերներ անելու համար գումարներ հավաքելը, վերջին զանգից հետո ռեստորան գնալու թույլտվության (այս «հարկատեսակը» տնօրեններից մեկի նորամուծությունն է) կամ դրամահավաքի շատ տարածված տեսակ` աշակերտի բացակայությունների դիմաց գումար հավաքելը:
Այսպիսով, ինչպե՞ս վարվի դպրոցի տնօրենը, խրախուսի և կազմակերպի ծնողական հիմնադրամ ու դպրոցի ներքին գնահատման հաշվետվության մեջ ծնողների ներդրումների մասին հաշվետվություն ներկայացնի՞, թե՞ ոչ, սա հարց է, որի պատասխանն այսօր հայտնի չէ: Վստահ եմ շատ դպրոցների տնօրեններ և ես ակնկալում ենք ՀՀ կառավարության պարզաբանումը:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար