Բաժիններ՝

Կալանավորը Ֆեյսբուքով զգացմունք է առաջացրել կնոջ մոտ, ներկայացել Վրաստանում գործող տուրիստական գործակալության աշխատակից…

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ դատապարտյալը մեղավոր է ճանաչվել խարդախության կատարման մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 1 տարի 4 ամիս ժամկետով: Նշանակված պատժին գումարվել է պատժի չկրած մասը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 7 ամիս 12 օր ժամկետով:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երևան բնակչուհու հետ և խարդախությամբ վերջինիս գույքը հափշտակելու դիտավորությամբ, ներկայացել է որպես Վրաստանի Հանրապետությունում գործող տուրիստական գործակալության աշխատակից, շահել է կնոջ վստահությունը և, գումարը ետ վերադարձնելու պայմանով, իր բարեկամին գումարով օգնելու, քրոջ՝ թոռնիկ ունենալու, իր բարեկամին գումարով օգնելու, բարեկամի որդու ծննդյան օրվա, հորաքրոջ բուժման պատրվակով տարբեր անձանց միջոցով միասնական դիտավորությամբ, մաս-մաս վերցրել է 420.000 դրամ գումար և խաբեության եղանակով հափշտակել այն՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձան՝ ամբաստանյալը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքում լիովին մեղավոր է ճանաչում:

Տուժող կինը, ըստ դատարանի վճռի, նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ լինելով սոցիալական ցանցում, նկատել է մի էջի արտաքին պատկերում տեղադրված եկեղեցական նկարներ, որոնք հավանել է և նրան ընկերանալու հայտ ուղարկել, որպեսզի կարողանա դիտել բոլոր նկարները: Նա ընդունել է իր հայտը, ինքը շնորհակալություն է հայտնել նրան և դիտել է եկեղեցական ու այդ անձի նկարները: Դրանից հետո այդ անձը սկսել է գրել և իրենք ծանոթացել են: Սկզբում շփվել են սովորականի պես, հետո այդ անձը սկսել է Ֆեյսբուքով ծաղիկներ ուղարկել՝ գրելով, որ հավանել է իրեն: Նկարագրելով իրեն՝ նա ասել է, որ աշխատում է Վրաստանում տուրիստական գործակալությունում և ամուսնացած չէ:

Ապա սկսել են շփվել սոցիալական ցանցով ու հեռախոսով: Ընթացքում նա ասել է, որ հավանել է իրեն, իր նկարները, որից հետո իրենց հարաբերություններն ավելի են խորացել, անգամ ասել է, որ սիրում է իրեն: Նա իմացել է, որ ինքն ամուսնացած է և ունի երկու երեխա: Նա կարճ ժամանակում իր մոտ վստահություն է ձեռք բերել և զգացմունք առաջացրել:

Ապա այդ անձը միշտ իրենից գումար է ուզել՝ ասելով, որ Վրաստանից վերադառնալուն պես բոլոր գումարները կվերադարձնի, այդ գումարները խնդրել է միայն հեռախոսազրույցների միջոցով: Իրեն ընդհանուր առմամբ պատճառվել է 420.000 դրամ գույքային վնաս:

Ապա իրենց հարաբերությունները սկսել են վատանալ, ինքը այդ անձին ասել է, որ ուշ է վերադառնալու կամ չի գալու Հայաստան, իր պարտքերը ուղարկի, իսկ այդ տղամարդն անընդհատ ասել է, որ մեկ-երկու ամսից կվերադառնա, իսկ վերջում արդեն ասել է, որ վիրահատվել է և կրկին պետք է վիրահատվի, որ մինչև նոյեմբերի 15-ն իր գումարը կվերադարձնի: Ապա նա դուրս է եկել կապից և իրենք այլևս չեն շփվել, որից հետո հասկացել է, որ նա վստահություն է ձեռք բերել իր մոտ, զգացմունք է առաջացրել, որ գումար վերցնի: Երբ ինքը պահանջել է, որպեսզի նա վերադարձնի պարտքերը և դադարել է լիցքավորել նրա հեռախոսահամարը, նա հեռախոսահամարը փոխել է: Դրանից հետո, դիմել է ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ նա ոչ թե Վրաստանում է, այլ քրեականտարողական հիմնարկում:

Նշել է նաև, որ այդ անձը խաղացել է իր զգացմունքների հետ հանուն գումարի, ինքը Սարգիսին խնդրել է, որ այլևս իրեն չզանգահարի, սակայն նա շարունակել է զանգահարել՝ իրենց հարաբերությունները չխզելու համար: Սարգիսն ամեն խոսակցության ժամանակ և նամակներով ասել է, որ իրեն շատ է սիրում:

Դատարանի վճռով՝ տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ՝ ամբաստանյալից հօգուտ տուժողի կբռնագանձվի 420.000 դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս:

Հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս