Վահրամ Բաղդասարյանը՝ ազատամարտիկներին. «Պետք չէ երեսով տալ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսյան օրերին մարդկանց դեմքերին փոփոխություն է նկատում՝ հպարտության, հաղթանակի բերկրանքը վայելելու զգացում կա: 168.am-ի հետ զրույցում Վ. Բաղդասարյանը նշեց, որ Եռատոնի խորհուրդն իր համար ապագա սերունդներին ճիշտ փոխանցելն է այն իրականությունը, ինչ կատարվել է, ընդ որում՝ Հայրենական մեծ պատերազմից սկսած մինչև Շուշիի հաղթանակ, մինչև Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան. «Դրանք բոլորը մեր ազգի բնութագիրն են և մեր ազգի շարունակական հաղթանակների շարասյունը: Ինձ թվում է, որ ամենամեծ խորհուրդը դա է, որ պետք է կարողանանք մեր սերունդերին ճիշտ մատուցենք, որ այդ պայմաններում, այդ դժվարություններով ձեռք բերված անկախությունը պետք է գնա դեպի հավերժություն: Ինձ համար ամենակարևոր խնդիրն անկախության պահպանումն է, մեր անկախությանը տեսնել այնպիսին, ինչպիսին մենք երազում ենք:

Դիտարկմանը, որ կարծիք կա, որ հաղթանակի պտուղները ճիշտ չեն օգտագործվում, երկիրը տնտեսական դժվարին պայմաններում է, նաև շատ ազատամարտիկներ լավ վիճակում չեն, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ մեր պետությունը խնդիր ունի կատարելու՝ ազատամարտիկերի հետ կապված:

«Բայց նաև մի բան պետք է նշեմ, որ հայրենիքի, ընտանիքի համար, նույնիսկ ընկերոջ համար կատարած պարտականությունները հարկավոր չէ անընդհատ բարձրաձայնել, անընդհատ երեսով տալ: Դա ավելի լուռ է պետք տանել, ոչ թե անընդհատ թմբկահարել դրա մասին,- ասաց Վ.Բաղդասարյանն ու հավելեց,- Ինչ մնում է, որ իրոք ունեք խնդիրներ, ճգնաժամային, պրոբլեմատիկ խնդիրներ, դա ամբողջ աշխարհում է ի հայտ եկել այդ ամեն ինչը: Բայց մենք պետք է կարողանանք այնպիսի պայմաններ և հնարավորություններ ստեղծենք, որ այն մարդիկ, որ իրենց արյան գնով իրենց առողջության գնով հասան այս անկախությանը, մենք պետք է իրենց համար բարեկեցիկ կյանք ապահովենք»:

Տեսանյութեր

Լրահոս