Բակո Սահակյանի ուղերձը Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի Շուշիի ազատագրման օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
70 տարի առաջ մարդկության պատմության մեծագույն չարիքներից մեկի` նացիզմի դեմ տարած փառավոր հաղթանակի կերտման գործում իր արժանի ավանդն է ունեցել նաեւ արցախահայությունը: Թե՛ մարտի դաշտում եւ թե՛ թիկունքում մեր հայրենակիցներն աչքի են ընկել իրենց հերոսությամբ ու սխրանքով, տոկունությամբ ու անձնվիրությամբ: Ռազմաճակատ մեկնած տասնյակ հազարավոր արցախցիների կեսը չի վերադարձել: Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ:

Մենք խորապես շնորհակալ ենք մեր քաջ հայրերին ու պապերին` նրանց անցած հերոսական ճանապարհի, մեզ թողած` նրանց հայրենասիրության ու անձնուրացության դասերի համար: Այդ դասերը լավ սերտեցին հետագա սերունդները` Մեծ Հայրենականից տասնամյակներ անց հաղթանակներ տանելով արդեն Արցախյան ազատամարտում: Մայր Հայաստանի եւ մեր աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների հետ միասին մենք պաշտպանեցինք հայրենի Արցախի ազատությունն ու անկախությունը, հարազատ ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ սկիզբ դրեցինք նոր հաղթանակների:
Այդ պայքարի բովում ծնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը` համայն հայության հպարտությունն ու պարծանքը եւ մեր անվտանգության հիմնական երաշխավորը: Բանակ, որն այսօր էլ պատվով է կատարում իր առջեւ դրված խնդիրները` արժանի հակահարված տալով հակառակորդի ոտնձգություններին եւ անառիկ պահելով հայրենի երկրի սահմանները: 
Մեր ժողովրդի ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի շնորհիվ անկախության տարիներին մենք արձանագրեցինք մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Միայն այսպես` համախմբված ու միասնական կարող ենք լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները, կյանքի կոչել տարբեր ծրագրեր եւ հասնել համազգային նպատակների իրականացմանը:
Թանկագի՛ն հայրենակիցներ, 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղ, բարեկեցիկ ու հաղթական ճանապարհ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին:

ք.Ստեփանակերտ, 9 մայիսի 2015թ.

 

Տեսանյութեր

Լրահոս