«Մայիսը հաղթանակների ամիս է մեզ համար»

Մայիսը հաղթանակների ամիս է մեզ համար: Ոչ թե գոյատևելու, այլ ապրելու և արարելու վճռականությամբ է ոտքի ելել մեր ժողովուրդը պատմության պարտադրանքի դեմ ու միաբանվելով հաղթել է: Միայն միաբանությամբ կա հաղթանակ, միայն նույն նպատակին գնալով՝ կա հաղթություն, միայն մահը մերժելու կամքով է նվաճվում ապրելու իրավունքը: Այդպես եղավ Ավարայրում, Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, Շուշիում…

Հաղթանակներ, որ հաստատեցին՝ հայը ոչ միայն արարելու, նաև արարածը պաշտպանելու հանճար ունի: Հաստատեցին, որ յուրաքանչյուր սերունդ իրեն ժառանգն է համարում նախորդների գործի և իրավատերն ու շարունակողը առաքելության, որ նրանք հանձն առել ու տարել են ժամանակների միջով: Ավարայրի հաղթանակով հավաստեցինք մեր հավատին ու ոգուն անդավաճան լինելու իրավունքը: Սարդարապատով հավաստեցինք պետականության պաշտամունքը պետություն դարձնելու իրավունքը:

Մեծ Հայրենականի հերոսամարտերում հարյուր հազարավոր հայ մարտիկների սխրանքով ու արյամբ հավաստեցինք, որ մասն ենք աշխարհի և մարդկության պատմության: Շուշիի ազատագրմամբ հավաստեցինք մեր հայրենիքին տեր լինելու իրավունքը: Լինենք միաբան, և կբազմապատկվեն հաղթական մայիսներն ու հավերժելու մեր իրավունքի հավաստումները:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ոստիկանության ողջ անձնակազմին՝ Հաղթանակի օրվա առթիվ:

Շնորհավորում Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակով աշխարհին խաղաղություն բերած մեր վետերաններին, որոնց զինակիցներից չորսն արժանացել են Սովետական միության հերոսի բարձրագույն կոչման:

Շնորհավորում եմ Արցախյան ազատամարտին մասնակցած մեր ծառայակիցներին, հանուն Հայրենիքի կենաց ու մահու մարտերում իրենց կյանքը չխնայած մեր ընկերների ընտանիքներին ու հարազատներին:

Շնորհավորում եմ բոլորիս և նոր հաղթանակներ մաղթում՝ մեր երկրի խաղաղ շենացման, պետության ամրացման, երկրի զորացման գործում: Աստված մեզ պահապան:

Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ

Տեսանյութեր

Լրահոս