Սյունիքի մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, փախուստի՞ է դիմել. «Ժողովուրդ»
««Ժողովրդի» տեղեկություններով՝ իրավապահները չեն կարողանում գտնե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, որպեսզի հարցաքննեն մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ասել է թե՝ մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, փախուստի է դիմել: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղան, ի թիվս այլ երիտասարդների, Սդղի գյոլ կոչվող հատվածում վիճել էր Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանի հետ, ինչից հետո վերջինս կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն ծանուցագիր էր ուղարկել այս գործով անցնող բոլոր կողմերին՝ պահանջելով ներկայանալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչություն՝ հարցաքննության:
Երեկ տեղեկացանք, որ մի շարք մարդիկ հարցաքննվել են: Ավելին՝ պարզեցինք, որ հարցաքննվածների մեջ է եղել նաև տուժող տղայի մայրը: Սակայն Տիգրան Խաչատրյանն այդպես էլ հարցաքննության չի ներկայացել: Եվ մինչ իրավապահները փնտրում են մարզպետ Խաչատրյանի որդուն, մարզպետը Երկրապահի օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի էր մասնակցում: Ու երբ լրագրողները փորձել էին որդու հետ կապված միջադեպի մասին մեկնաբանություն ստանալ, մարզպետը պատասխանել էր. «Հոգնել եմ, չեմ ուզում ձեզ լսել, չեմ ուզում ձեզ տեսնել, ոչինչ չունեմ ասելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։