ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը հերթական անգամ հայտնվել է դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը հերթական անգամ հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՃՈ նախկին պետի դեմ հայց է ներկայացրել ապօրինի կերպով ուրիշի գույքը վերցնելու համար:

Եվ այսպես, 2015 թվականի փետրվարի 26-ին Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Մարգար Օհանյանը գույք է ձեռք բերել եւ, ահա, հայտնվել է գույքի իրական տերը եւ փորձում է այն հետ վերադարձնել: Չի բացառվում, որ Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը մինչ դատարան դիմելը փորձել է իր ձեռքում առկա փաստաթղթերով ապացուցել, որ Մարգար Օհանյանի ձեռք բերած գույքը իրեն է պատկանում, սակայն, ըստ էության, Մարգար Օհանյանը հրաժարվել է որեւէ բան վերադարձնելուց, եւ բանն այնտեղ է հասել, որ Մարինեն դիմել է օրենքին՝ այդ կերպ Մարգար Օհանյանին պարտադրելով գույքը վերադարձնել իրեն:

Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Տեղեկացանք, որ վերջինս փետրվարի 27-ին միջնորդություն է ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանի որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատարանում Մարինե Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ Վարդգես Ծառուկյանը, անդրադառնալով ՃՈ նախկին պետի հետ ստեղծված անհամաձայնության մասին, չցանկացավ մանրամասներ ներկայացնել` նշելով, թե ընդամենը գույքի խնդիր կա: «Դուք կարող եք ներկայանալ դատական նիստերին եւ առավել մանրամասն հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»:

Լիազոր ներկայացուցիչը, անդրադառնալով իր միջնորդությանը, որով պահանջում է Մարգար Օհանյանին արգելել որոշակի գործողություններ իրականացնել, ասաց. «Օրենքով սահմանված կարգ է, եթե մտնում ես դատարան, միջնորդություն ես ներկայացնում, որ այդ գույքի վիճակը չվատթարանա, կամ գույքի վրա որեւէ գործողություն չիրականացվի, քանի այդ գույքը սեփականատիրոջ մոտ չի: Մենք այսպես ենք դատարանում հանդես գալիս, իսկ թե դատարանը ինչպես կգնահատի այն, դա Աստված գիտի»:

Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի հետ, որը լսելով հարցը՝ հրաժարվեց պատասխանել:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս