Մոսկվայում դիմավորել են ոտքով Մոսկվա հասած երևանցի թոշակառուին. zham.am
Հաղթահարելով 2200 կմ. հենց այսքան ճամփապարհ է անցել 76-ամյա թոշակառու Գրիգորի Տեփոյանը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ։ 46 օր շարունակ քայլելուց հետո Գրիգորի Տեփոյանը վրաց-ռուսական սահմանից ոտքով հասել է Մոսկվա:
zham.am-ի փոխանցմամբ՝ այնտեղ 76-ամյա Տեփոյանին դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները, հարազատները: Մոսկվայի փողոցներում իսկական հայկական մթնոլորտ է տիրել. թանկարժեք մեքենաներ, ազդանշաներ և հայկական պար:
Գրկելով իր փոքրիկ ծոռանը՝ պապիկը պատմել է, թե ինչեր է տեսել 1.5 ամիս ճանապարհին լինելով և ինչն է նրան հուզել: «Ճանապարհին ես շատ ուկրաինացի փախստականների եմ տեսել։ Անկեղծ կասեմ, երբ շփվում էի նրանց հետ, սիրտս շատ էր ցավում։ Այդ պահերին ես հիշում էի իմ մանկությունը. այն ժամանակ պատերազմ էր, իսկ պատերազմից հետո բոլորիս համար դժվար էր։ Այժմ, կարծես, խաղաղ շրջան է, սակայն մարդիկ ճանապարհներին նստած գումար և ուտելիք են խնդրում»,- պատմել է նա:
Նշենք, որ Գրիգորի Տեփոյանը որոշել էր ոտքով հասնել Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով: Նրա ցանկությունն է Մայիսի 9-ին ծաղիկներ դնել Անհայտ զինվորի շիրիմին: Այդ արշավը նա նվիրում է պատերազմում զոհված զինվորներին՝ այդ թվում նաև իր հարազատներին՝ ընտանիքի չորս անդամներին ու հորը: