Մեղսագրվող արարքները կատարելու պահին Գոռ Առաքելյանը գտնվե՞լ է արդյոք աֆեկտի վիճակում
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակել:
Փաստաբանն ասաց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրան արդարացնող, պատասխանատվությունը մեղմացնող, ծանրացնող հանգամանքները:
Երեմ Սարգսյանն ասաց, որ այս պահանջն առավել քան վերաբերում է այս քրեական գործին, որի շրջանակներում Գոռ Առաքելյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցագործություններ, այդ թվում՝ ծանր հանցագործություններ, ուստի այս քրեական գործով մինչև վերջնական որոշում կայացնելը վարույթն իրականացնող մարմնի մոտ որևէ էական հանգամանքի, այդ թվում՝ մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող կամ նրան արդրացնող որևէ հանգամանքի վերաբերյալ գոնե չնչին կասկած չպիտի մնա:
Սակայն, նրա խոսքով՝ մինչ այս պահը գործում առկա է Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքներին ճիշտը քրեաիրավական գնահատական տալու համար խիստ էական հանգամանք, որի պարզաբանման ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել:
«Խոսքը մեղսագրվող արարքները կատարելու պահին ամբաստանյալ Գոռ Առաքելյանի հոգեբանական վիճակի մասին է, որով էլ չի բացառվում, որ պայմանավորված է եղել նրա կողմից այդ արանքների կատարումը»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Փաստաբանը նշեց, որ նախաքննության ընթացքում միջնորդել են Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, որպեսզի ի թիվս այլ հարցերի պարզվեր նաև, թե արդյոք մեղսագրվող արարքները կատարելու պահին Գոռ Առաքելյանը չի՞ գտնվել աֆեկտի վիճակում:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ միջնորդությունը նախաքննական մարմնի կողմից անհիմն մերժվել է: Նա նշեց, որ քննիչը միջնորդությունը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Նախաքննության ընթացքում կատարված հարցմամբ պարզվել է, որ Առաքելյանը ՀՀ նարկոլոգիական և հոգեբուժական դիսպանսերներում հաշվառման մեջ չի գտնվում, առկա պացույցներով նրա գործողությունների վերլուծությունից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով քննչական գործողությունների ժամանակ վերջինիս դրսևորած ադեկվատ պահվածքը, գտնում եմ, որ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն սույն քրեական գործով առկա չէ»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ անկհայտ է, որ քննիչը հոգեկան խիստ հուզմունքը և աֆեկտը միտումնավոր կերպով «շփոթել է» անմեղսունակության կամ որևէ հոգեկան հիվանդույթուն ունենալ հետ, քանի որ հոգեկան խիստ հուզմունքի կամ աֆեկտի առաջանալու համար ըստ էության նշանակություն չունի անձը հաշվառված եղե՞լ է նարկոլոգիական կամ հոգեբուժական դիսպանսերում, հոգեկան հիվանդություն ունի կամ ունեցել է, թե ոչ:
Փաստաբանն ասաց, որ աֆեկտը կամ հոգեկան խիստ հուզմունքը ծագում են կոնկրետ իրադրությունից ելնելով և ավարտվում են դրանից հետո, և լիովին տրամաբանական է, որ հոգեպես առողջ Գոռ Առաքելյանը քննչական գործողության ժամանակ ադեկտվատ պահվածք է ունեցել:
Երեմ Սարգսյանն ասաց, որ քննիչը բացարձակ անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ գրեթե բոլոր հարցաքննությունների ժամանակ Գոռ Առաքելյանը հայտնել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ:
Երեմ Սարգսյանն ասաց, որ միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկել է դատախազին, ով իր որոշման մեջ նշել է, որ բողոքը ենթակա է մերժման, քանի որ քննիչը ճիշտ եզրահանգում է կատարել և ամբողջությամբ անդրադարձել է միջնորդությանը: Փաստաբանի խոսքով՝ սրանից անկհայտ է, որ նախաքննական մարմինը դատախազի ղեկավարությամբ կամ թողտվությամբ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, անտեսել է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները և դրա փոխարեն կատարել է միակողմանի, Գոռ Առաքելյանին ամեն գնով հնարավորինս ծանր հոդվածներով մեղադրելուն ուղղված քննություն:
«Առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու անհնար է ճիշտ քրեաիրավական գնահատականի արժանացնել նրան մեղսագրվող արարքները, քանի որ գործում առկա ապացույցները և փաստական տվյալներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մեղսագրվող արարքները կատարելու պահին Առաքելյանն առնվազն գտնվել է հոգենբանական խիստ լարված վիճակում, ինչը կարող էր էապես ազդել նրա գործողությունների վրա»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ աֆեկտին բնորոշ հատկանիշներ առկա են եղել դեռ նախաքննության ընթացքում:
Երեմ Սարգսյանը միջնորդեց նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը՝ մեղսագրվող արարքը կատարելու պահին Գոռ Առաքելյանի մոտ իրավիճակով պայմանավորված հոգեկան պաթոլոգիաներ առաջացել են, թե ոչ, եթե այո, ապա դրանք զրկել են նրան իր գործողություններին հաշիվ տալու և ղեկավարելու ունակությունից, մեղսագրվող արարքը կատարելու պահին Հոռ Առաքելյանը եղել է մեղսունա՞կ, անմեղսունա՞կ, թե՞ սահմանափակ մեղսունակ, գտնվե՞լ է արդյոք աֆեկտի վիճակում, թե՞ ոչ, գտնվե՞լ է արդյոք այնպիսի հուզական վիճակում, որը կարող էր էապես ազդել նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, նրան ինչպիսի՞ անհատական հոգեբանական առանձնահատկություններ են բնորոշ, որոնք կարող էին տվյալ իրավիճակում էապես ազդել նրա վիճակի վրա:
Մեղադրողը ժամանակ խնդրեց միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու համար, դատական նիստը հետաձգվեց: