«Սաակաշվիլին մոտեցրել է ալիևահպատակներին նախարարացնելու և վարչապետացնելու ժամանակներ». Վահագն Չախալյան

Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Սեփական երկրի Արդարադատությունից փախած Մ. Սաակաշվիլին ադրբեջանական շրջագայության ժամանակ արած հայտարարություններով ապացուցել է իմ ասածներից գոնե երկուսի ամբողջական իրավացիությունը:

Առաջինը՝ որ տնտեսական ներդրումները, ճանապարհային և էներգետիկ ինֆրաստրուկտուրաների զարգացումը, երբևիցէ չի եղել Վրաստանի՝ վրացի կամ առավել ևս հայ քաղաքացիների համար, այլև մի-միայն իրականացվել է, որպեսզի ապահովվի կեցության նվազագույն պայմանները՝ «թուրքական մեծ վերաբնակեցում» պանթուրանական ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի տարածքում վերաբնակվելու համաձայնություն տված թուրքիայի, ազրբեջանի քաղաքացիների, ինչպես նաև թուրք-մեսխեթցիների համար:

Ծրագիր, որը լինելու էր արդեն իսկ Աջարական Ինքնավար Հանրապետության տարածքում ընթացող նմանատիպ ծրագրի շարունակությունը և որի հետևանքով մինչև 2030 թվականը (Սաակաշվիլու երազած պաշտոնավարման ավարտը) Վրաստանում քրիստոնեաները դառնալու էին փոքրամասնություն:

Եվ երկրորդը՝ իմ, զինակից ընկերներիս և ընդհանրապես ջավախահայության դեմ եղած հալածանքների, բռնությունների աննախադեպ ալիքը, որը սկիզբ առնելով դեռևս 2006 թվականին, իր գագաթնակետին հասավ 2008-ից 2012 թվականները ընկած ժամանակահատվածում, ոչ թե «Չախալյանական Անջատողականություն»-ից ելնելով իշխանությունների հարկադրված քայլ է եղել, ինչպես Միջազգային Հանրությանը ջանում էին ներկայացնել Սահակաշվիլու հանցավոր ռեժիմն ու նրա հայախոս դաշնակիցները, այլև պանթուրանական ծրագրի իրականացման ճանապարհին գոյություն ունեցող խոչնդոտի վերացմանն ուղղված գործողություն:

Ջավախքի հայաթափութունից ոչ վրաց պետությունը, և ոչ էլ առավել ևս վրաց ժողովուրդը չեն շահելու, դատարկված գյուղի հաշվին քաղաք չես բնակեցնի…

2004 թ-ից ի վեր այս պարզ ճշմարտությունը փորձում եմ բացատրել Վրաստանի առողջ քաղաքական և փորձագիտական շրջանակներին, ինչը, ցավոք, գրեթե չի հաջողվում: Բոլորին է հայտնի Վրաստանի քրիստոնյա բնակչության գրեթե զրոյական աճի մասին, հաշվի առնելով այս հանգամանքը պարզ է դառնում, թե Սաակաշվիլին ինչպես է մոտեցրել ալիևահպատակներին նախարարացնելու և վարչապետացնելու ժամանակներ:

Հ.Գ. Այն, ինչն ինձ չի հաջողվել, թերևս հաջողվի Սաակաշվիլուն…>

Տեսանյութեր

Լրահոս