Բաժիններ՝

«Եթե այս տեմպով շարունակենք, էլ ավելի վատ վիճակի ենք գալու»

Դեռևս ապրիլին Կոտայքի մարզում բնակչության շրջանում բրուցելյոզի դեպքեր էին գրանցվել:  Երեկ մեզ հետ զրույցում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն ասաց, որ մարզում բրուցելյոզի 22 դեպք է գրանցվել, 6 հիվանդ այժմ բուժօգնությունը ստանում է հիվանդանոցում: «Բոլորի վիճակը նորմալ է, բավարար են բոլորը, ինքնազգացողության առումով խնդիրներ չկան: Աշխատանքները շարունակում ենք»,- ասաց Լ. Թորոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ հիվանդները շփում են ունեցել իրենց գյուղատնտեսական կենդանիների հետ:

Նշենք, որ այս տարի բրուցելյոզի դեպքեր գրանցվել էին նաև Սյունիքում. «Գյուղարտ» ՓԲԸ-ի 18 աշխատակիցներ հիվանդացել էին բրուցելյոզով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտում քրեական գործ է հարուցվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցներ ընկերության սպանդանոցում կատարված մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման և մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով հիվանդացել են բրուցելյոզ հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:

Babken Pipoyan«Իրազեկ և պաշտպանված» հ/կ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ բրուցելյոզի նման դեպքեր են գրանցվում, ասաց. «Կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն ժամանակ, այլ առաջին հերթին` կամք: Եթե տվյալ պարագայում կամք դրսևորենք, պետք է նաև որոշակի խոստովանություններ անենք: Ի՞նչ ասել է` խոստովություններ: Պետությունը` որպես կենդանիների առողջացման ծրագիր, ընտրել է հետևյալ մեթոդը՝ ամեն տարի կենդանիները ստուգվում են, հիվանդ կենդանիները մորթվում են, իրականացվում է հարկադիր մորթ՝ և թվում է, թե այսպես պայքարելու ենք և, ի վերջո, հիվանդությունները նվազագույնի ենք հասցնելու: Ինչո՞ւ է, որ նվազագույնի չի հասնում, ավելի տարածվում է: Որովհետև բոլորս հասկանում ենք՝ հիվանդ կենդանին թղթի վրա է մորթվում, և ունենք այն պատկերը, ինչ ունենք: Ինչո՞ւ եմ ասում՝ պետք է դրսևորել կամք: Պետք է անկեղծ լինել՝ ասելու՝ ունենք պրոբլեմ, եթե մի մեթոդով ենք շարժվում առաջ, առաջանում են խնդիրներ: Ինչո՞ւ. որովհետև հիվանդ կենդանիների թիվն արդեն շատացել է, արդեն երկրի, պետության, սոցիալ-տնտեսական վիճակը, բյուջեի առկայությունը, ֆինանսական հնարավորությունները, արդեն հնարավոր է, դժվարացնեն գործընթացը, որովհետև քանակական առումով հիվանդների թիվը մեծածավալ է դարձել: Այդ իսկ պատճառով եմ ասում՝ դժվար է ասել՝ գիտեք, չենք արել, խնդիր ունենք, բայց եթե այս տեմպով շարունակենք, էլ ավելի վատ վիճակի ենք գալու, եկեք բոլորս քարը փեշներիցս թափենք, մեղավորներ ման չգանք, խոստովանենք՝ ճիշտ չենք արել, գնանք պրոբլեմ լուծենք, գտնենք աղբյուրներ, լուծման մեխանիզմներ, վերամշակողների գտնենք, որոնց պայմանական առավելություն տանք, որպեսզի կենդանիների մորթը սպանդանոցում իրականացվի»: Բաբկեն Պիպոյանն ասաց, որ խնդրի լուծումը, իր կարծիքով` ժամանակատար է:

Նա ասաց նաև, որ սկզբունքորեն դեմ է այստեղ կենդանիների պատվաստմանը: «Պատվաստումը մեթոդ է, որն աշխարհի տարբեր երկրներ կիրառում են: Ես ասում եմ, որ մենք չունենք այն ենթակառուցվածքները, որպեսզի իրականացնենք պատվաստման աշխատանքները: Ենթակառուցվածքների խնդիր է. կենդանիների համարակալում չկա, սպանդանոցում սանիտարական սպանդ հասկացություն չկա, որպեսզի տարանջատենք: Պատվաստման հրահանգը նայենք, հասկանանք՝ մենք այդ հրահանգի պահանջները կարողանո՞ւմ ենք անել, թե՞ չենք կարողանում: Ես ասել եմ՝ գոնե, եթե հրահանգը չեք անում, կարելի է մի գիտահետազոտական փորձ դնել, հասկանալ այդ պատվաստանյութի արդյունավետությունը»: Նրա խոսքով՝ լավագույն լուծումն այն կլինի, որ պետական հիմնադրամ ձևավորվի, որը մրցույթ կհայտարարի, կներկայացվեն սպանդանոցի, վերամշակման բիզնես նախագծեր, որոնցից մեկը հաղթող կճանաչվի։ «Նրանց կտրվեն որոշակի արտոնություններ՝ հարկային և այլն: Հիվանդ կենդանիների մորթ կիրականացվի միայն այնտեղ»,- ասաց նա՝ նշելով, որ վերամշակման արդյունքում ստացված եկամտից որոշակի գումար կհատկացվի հիմնադրամին, որը դրանով պետական կարիքներ կհոգա, կներդնի հիվանդության դեմ պայքարի մեխանիզմներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս