Զարմացած եմ արագ զարգացման այն մակարդակով, որ նկատել եմ Արցախում. Եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ

Արցախում ընթացող խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդ, հույն իրավաբան Էրսի Քոյը ներկայացնում է Եվրոպական գրասենյակը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Է. Քոյը նշեց, որ առաջին անգամ է Արցախում: ‹‹Անչափ ուրախ և հպարտ եմ լինել Արցախում։ Ինձ շատ դուր եկան այստեղի մարդիկ, բնությունն ու եղանակը: Մայրաքաղաք Ստեփանակերտը շատ անվտանգ քաղաք է, չկան խցանումներ››,-ասաց նա: Անդրադառնալով դիտորդական առաքելության ընթացքում իր կատարած դիտարկումներին, Է. Քոյը հայտնեց, որ եղել է 9 տեղամասերում և նշեց, որ առայժմ խախտումներ չի նկատել, իսկ ընտրություններն ընդհանուր առմամբ, անցկացվում են բարձր մակարդակով` համապատասխանելով միջազգային չափանիշներին:

Մեկնաբանելով այն հանգամանքը, որ միջազգային մի շարք կազմակերպություններ հայտարարել են, թե չեն ճանաչելու ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Քոյն նշեց, որ անկախ նրանից՝ ընտրությունները ճանաչվում են, թե ոչ, կարևորը` ընտրական գործընթացը նորմալ անցնի : Միջազգային դիտորդը զարմանքով է նկատում, թե պատերազմի միջով անցած արցախն ինչպիսի արագ տեմպերով է առաջ ընթանում: Նրա խոսքով, այն զարգացման մակարդակը, որն ինքը արձանագրել է ներկայիս` հետպատերազմյան Արցախում, դժվար էր պատկերացնել 20 տարի առաջ:

Տեսանյութեր

Լրահոս