Դենիս Սեմութ. «Համաձայն չեմ, որ Հայաստանը, բացի ՌԴ-ից, այլ ընտրության հնարավորություն չի ունեցել»

Մեր զրուցակիցն է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը:

– Պարոն Սեմութ, ներկայումս լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարբաղաադրբեջանական շփման գծում հասել է վտանգավոր կետի: Որոնք են, ըստ Ձեզ, այն տարաձայնություննները, որոնց պատճառով կողմերը չեն կարողանում թուլացնել լարվածությունը: Դուք ԼՂ հակամարտության լարվածությամբ հետաքրքրված այլ խաղացողներ տեսնո՞ւմ եք:

– Առաջին հերթին՝ կարևոր է հասկանալ, որ տարածաշրջանային և միջազգային իրողությունները շատ տարբեր են այն իրավիճակից, երբ 1994 թվականին հաստատվեց հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հակամարտությունն այսօր բազմաշերտ է և գտնվում է միջազգային անցուդարձի ազդեցության տակ: Այնուամենայնիվ, սա չպետք է մեր ուշադրությունը շեղի այն փաստից, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններինն է հրադադարը հարգելու և կառուցողական քննարկումներ ապահովելու ուղիղ պատասխանատվությունը, որ միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը:

– Միջազգային խաղացողներն այս տարածաշրջանում, ինչպիսին Ռուսաստանն ու Արևմուտքն են, հետաքրքրվա՞ծ են լարվածությամբ: Ի՞նչ պետք է սպասել մոտ ապագայում:

– Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն են, որոնք մեծ ջանքեր են ներդրել, որպեսզի կողմերը վճռական քայլերի դիմեն հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու ուղղությամբ՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս աշխատանքը պետք է գնահատվի: Մյուս կողմից՝ որևէ վատ բան չկա ՄԽ աշխատանքը քննադատելու մեջ, քանի դեռ այդ քննադատությունը կառուցողական է:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին մենք շատ բացասական զարգացման ականատեսն ենք եղել: Ռուսաստանը ողողել է տարածաշրջանն ամենաժամանակակից սպառազինությամբ: Եթե հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, ապա մարդկային կորուստներն ահասարսուռ են լինելու: Շատ ցինիկ է, երբ ԼՂ հակամարտության կոնտեքստում Ռուսաստանը գործում է միաժամանակ և՛ որպես հաշտարար, և՛ որպես սպառազինություն մատակարարող:

– Տեսնում ենք, որ միջազգային հանրության կարողություններն այս հարցում բավականին ցածր են: Եթե այդպես է, ապա ի՞նչ պետք է փոխեն միջազգային կազմակերպությունները` հատկապես ԵԱՀԿ ՄԽ-ն, իրենց աշխատանքում բանակցային գործընթացում հաջողություն գրանցելու համար. նախորդ տարի ՄԽ-ն անցկացրեց երեք նախագահական հանդիպում, սակայն ներկայիս լարվածությունը ցույց է տալիս, որ այդ հանդիպումները կառուցողական չեն եղել:

– Հակամարտության կարգավորման առաջին պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա: Նպաստողները կարող են միայն նպաստել, և չկա կախարդական որևէ բանաձև կարգավորման համար: Այնուամենայնիվ, ՄԽ-ն և հատկապես համանախագահներն ունեն մի շարք հնարավոր միջոցառումներ, որոնք կարող են իրականացնել, այդ թվում՝ գործընթացն ավելի թափանցիկ դարձնելը, ներկայացնելով ժամկետները, ապահովելով նորմալ միջազգային մթնոլորտ բանակցությունների կայացման համար:

Ոչ մի միջնորդ չի կարող հակամարտության կողմերին պարտադրել կարգավորում, և ես չեմ առաջարկում, որ ՄԽ-ն անի դա: Բայց միջնորդները դեռ ունեն տարբեր մարտավարություններ. նրանք կարող են ընտրել: Ես կարծում եմ, որ վերջին շաբաթների ընթացքում մենք ականատեսն ենք դարձել մարտավարության որոշակի, համեստ փոփոխության՝ ի պատասխան հակամարտության գոտում իրավիճակի վատթարացման:

– Ըստ Ձեզ` ինչպե՞ս Արևմուտքը կարող է մեղմել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, որը, միջազգայնագետների համոզմամբ, ապակայունացնող և անհանգստացնող է: Որոշ փորձագետներ գտնում են, որ Ռուսաստանն է հրահրում լարվածություն հակամարտության գոտում՝ այդպիսով փորձելով պատժել Արևմուտքին՝ ուկրաինական ճգնաժամի և պատժամիջոցների համար:

– Հայաստանն ու Ադրբեջանն իրավունք ունեն կազմակերպել իրենց հարաբերությունները Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի հետ այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Արևմուտքը չպետք է միջամտի: Մյուս կողմից՝ ոչ էլ Ռուսաստանը պետք է միջամտի այն հարցին, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը կազմակերպում իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրոպական միության և այլ կողմերի հետ: Այն գաղափարը, որ Ռուսաստանը վետո ունի հետխորհրդային երկրների արտաքին քաղաքականությունների վրա, ամբողջությամբ անընդունելի է:

– Տեսնում ենք, որ Արևմուտքը չի տալիս անվտանգության երաշխիքներ Հայաստանին, Հայաստանն անվտանգության ոլորտում այլընտրանքային գործընկեր ընտրելու հնարավորություն չունի մի իրավիճակում, երբ Ռուսաստանը ցույց է տալիս, որ ինքն է տարածաշրջանում խաղաղություն և պատերազմ ապահովողը: Ի՞նչ կարող է անել Արևմուտքը նման լարվածությունը կանխարգելելու համար: Հայաստանն ինչպե՞ս պետք է դառնա երկիր, որի կայունությամբ Արևմուտքը հետաքրքրված կլինի:

– Հայաստանը երբեք հատուկ անվտանգության երաշխիքներ չի խնդրել արևմտյան երկրներից կամ կազմակերպություններից: Հայաստանը երբեք հետաքրքրություն չի ցուցաբերել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, մերժել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հնարավորությունը: Ես համաձայն չեմ, որ Հայաստանը, բացի Ռուսաստանից, այլ ընտրության հնարավորություն չունի: Հայաստանն ունեցել է ընտրության հնարավորություն և կատարել է իր ընտրությունը: Բոլորը դա պետք է հարգեն: Ապագայում, եթե լինի համաձայնագիր Ղարաբաղի վերաբերյալ, ապա միջազգային հանրությունը կներգրավվի այն երաշխավորելու հարցում: Դա ապագայի համար է: Բայց այս պահին չկա որևէ համաձայնագիր երաշխիքներ տալու համար:

Տեսանյութեր

Լրահոս