«1 միլիոնանոց երթը» հետաձգվել է ընդդիմադիր շարժման պատճառո՞վ
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնած՝ ապրիլի 8-ին նախատեսված «1 միլիոնանոց երթ» ակցիան՝ դեպի ՀՀ նախագահի նստավայր, հետաձգվում է մինչև մայիսի 1-ը: Հետաձգման պատճառները երկուսն են. նախ՝ մայիսի 1-ն աշխատավորների օրն է, իսկ այսօրվա երկրի վիճակից բողոքողները հենց նրանք են, և երկրորդ՝ այդպիսով վերջ կտրվեն «Ժառանգության» կողմից հնչեցվող այն շահարկումներին, թե նման միջոցառումները կարող են վարկաբեկել կամ խանգարել Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժմանը:
«Ի զարմանս մեզ՝ մենք ստիպված եղանք այս ցույցը կազմակերպելու համար բացատրություններ տալ ոչ թե իշխանությանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած ընդդիմադիր շարժմանը: Նրա համախոհներն առաջին իսկ օրվանից մի տեսակ կասկածանքով և հակակրանքով վերաբերվեցին նման քաղաքացիական նախաձեռնությանը: Բոլորի հետ էլ զրույց ունեցել ենք, նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և ասել ենք, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է և ոչ մի կերպ չի կարող խանգարել, հակառակը՝ եկել է լրացնելու այդ շարժմանը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Արշակ Զաքարյանը: Այդուհանդերձ, որոշվել է երթի ակցիան հետաձգել՝ շահարկումներից խուսափելու համար: Նա ավելացրեց, որ ինքն անձամբ ապրիլի 8-ին իր որդու հետ կազմակերպելու է այդ ակցիան, սակայն այս դեպքում նա հանրությանը կոչ չի անում իրենց միանալ: Արշակ Զաքարյանի համոզմամբ, երթի հետաձգումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մինչև մայիսի 1-ը քաղաքական դաշտում հստակություն կլինի: «Բոլոր դիմադիր և ընդդիմադիր ուժերն ունեն ժամանակ՝ հանրությանն ապացուցելու, որ արմատական բարեփոխումներ եղան, ոչ թե լինելու են: Մայիսի 1-ին ամբողջ ժողովուրդը, ովքեր իրոք մտածում են, որ այլևս այսպես ապրել չի կարելի, դուրս կգա փողոց՝ հայտնելու դժգոհությունը»,- ասաց Արշակ Զաքարյանը: Նախաձեռնության, այսպես ասած, հիմնադիր ժողովը տեղի կունենա ապրիլի 12-ին, որի ժամանակ էլ կհստակեցվեն մնացած բոլոր հարցերը: Ա.Զաքարյանը պատմեց, որ նախաձեռնության գաղափարն իր մոտ ծնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո: Արշակ Զաքարյանը, մտածելով, որ հացադուլը ծայրահեղ քայլ է, և անհրաժեշտ է կոնկրետ գործողությամբ ցույց տալ իշխանություններին հասարակության վերաբերմունքը կեղծված ընտրությունների և ստեղծված իրավիճակի նկատմամբ, որոշել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում նման հայտարարություն անել: Շատ կարճ ժամանակ անց այդ գաղափարի շուրջ մեկ տասնյակ հազար մարդիկ են հավաքվել: Արշակ Զաքարյանի խոսքով՝ իրենց երթին պատրաստվում են միանալ նաև Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներ, քանի որ նրանց արտագաղթը պարտադրված է եղել:
Ակցիային միացել է նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: «Ես որոշել եմ միանալ այս նախաձեռնությանը, որովհետև համարում եմ, որ սա այն գործնական առաջարկն է, որը հնարավորություն է տալիս միավորել բոլոր քաղաքական և քաղաքացիական ուժերին»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն: Նա նշեց, որ սա հնարավորություն է, որպեսզի հանրությունը ցույց տա, որ այլևս չի հանդուրժելու անօրինականությունը և պատրաստ է քաղաքացիական անհնազանդության: