Բաժիններ՝

Yahoo ընկերությունը դպրոցականից 30 մլն դոլարով հավելված է գնել

Yahoo ինտերնետ կորպորացիան գնել է նորությունների ագրեգատոր Summly-ն, որը ստեղծել է 17-ամյա բրիտանացին՝ Նիկ Դ՛Ալոիզիոն:

Summly-ն հնարավորություն է տալիս շարժական սարքերի՝ սմարթֆոնների և պլանշետների օգտատերերին՝ գտնել, ընթերցել և փոխանակվել օնլայն- նորություններով, ինչպես նաև տարբեր տեղեկատվություններով: Ծրագիրը չի ցուցադրում ամբողջական տեքստը, փոխարենը՝ այն ամփոփ ներկայացնում է կարևոր տեղեկատվությունը՝ դրան արագ ծանոթանալու համար: Սեղմելով նորությունների վրա՝ օգտատերը կարող է ծանոթանալ տվյալ նորության ամբողջական տեքստին. գրում է vestifinance-ը:

Ֆինանսական գործարքի մանրամասները դեռևս չեն հաղորդվում, սակայն Market Watch-ի աղբյուրների համաձայն՝ ծառայության գնման գինը կազմում է 30 մլն դոլար, նույնի մասին հաղորդում է նաև All Things Digital պորտալը:

Հատկանշական է, որ հավելվածը Նիկ Դ՛Ալոիզիոն ստեղծել է 15 տարեկանում, երբ դեռևս դպրոցում էր սովորում: Իսկ ներկայում արդեն նա և իր թիմի մի քանի ընկերները՝ Summly-ի ծրագրավորողները, ստիպված են աշխատանքի անցնել արդեն Yahoo-ում, քանի որ արդեն գործարքի կնքման ավարտից հետո, ըստ պայմանների, նրանք ստիպված են լինելու փակել սեփական հավելվածը: Yahoo-ն մտադիր է Դ՛Ալոիզիոյի նախագծած ալգորիթմը ներդնել նորությունների տեքստերի իր բջջային ծառայությունների մեջ:

Նշենք, որ նախորդ ամիս Yahoo-ի ղեկավարը՝ Մարիսսա Մայերը, հայտարարել էր, որ Yahoo-ն շարժվելու է ինտերնետ-ծառայությունների ուղղությամբ՝ առավելագույն աստիճանի անհատականացման բովանդակության ուղղությամբ, և մտադիր է ընդլայնել այդ ուղղությամբ առաջարկվող հավելվածների քանակը, ինչպես նաև նոր ծրագրավորողների ներգրավել այդ գործընթացներում:

Նորությունների ագրեգատորների ուղղությամբ հետաքրքրված են նաև այլ ընկերություններ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ LinkedIn սոցցանցը քննարկում է Pulse մոբայլ ընթերցիչի գնման հնարավորությունները: Իսկ օրինակ՝ Digg ծառայությունը ծրագրում է 2013թ. երկրորդ կեսին թողարկել ագրեգատոր՝ թողարկելով սեփական RSS-ընթերցիչ:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Google ընկերությունը մարտի կեսերին հայտարարեց, որ կփակի իր հայտնի Google Reader RSS ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս