«ՀԱԿ խմբակցության մի մասն աշխատում է Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ». Ռուբեն Հակոբյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից Ազատության հրապարակում տված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե «Ժառանգությունը» մտավախություն չունի՞, որ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու դեպքում կձախողվի, ինչպես եղավ Հայ ազգային կոնգրեսի հետ, որը ևս գնաց իշխանությունների հետ երկխոսելու ճանապարհով, ինչի արդյունքում շարժման ալիքը մարեց:
«Մեզ շատ հարազատ մարդիկ, շատ ազնիվ մարդիկ ասում են՝ հանկարծ չգնաք երկխոսության, որովհետև ձեզ կխաբեն, որովհետև նրանք «քցող» են: Բայց դա չի նշանակում, որ եթե նախադեպը կա, մենք պետք է վախենանք: Նա, ով գնում է երկխոսության, ունենում է փաթեթ, թե որն է մինիմում նշաձողը և որը մաքսիմումը: Եթե վախենալ և չգնալ երկխոսության մտածելով, որ կարող են մեզ խաբել, ուրեմն կարելի է փակվել և ոչինչ չանել, բայց քաղաքականության մեջ, եթե քաղաքական ուժն ունի իմունիտետ և նշաձողեր, այդ ուժը երբեք չի պարտվում»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: Նա հավելեց նաև, որ երկխոսությունը սկսելու դեպքում, իրենք ունեն այն նշաձողը, որից այն կողմ չեն զիջելու, իսկ թե որն է այդ նշաձողը, Ռուբեն Հակոբյանը չցանկացավ հայտնել՝ նշելով, թե դա նշանակում է ի սկզբանե մրցակցին փակուղու առջև կանգնեցնել: Ինչ վերաբերում է կոնկրետ ՀԱԿ-ի երկխոսությանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքերով, պետք է դիտարկել, թե ինչ խնդիր էր դրել այդ ուժը, գուցե խնդիրը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Ի դեպ, ասուլիսի ընթացքում Ռուբեն Հակոբյանը դժգոհեց նաև ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներից՝ չնշելով կոնկրետ անուններ: «ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ իրենց բառապաշարով, իրենց գնահատականներով, ընդհանրապես չեն տարբերվում այն գնահատականներից, որոնք տալիս են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Այո, ՀԱԿ խմբակցությունում մենք ունենք գործընկերներ, որոնք իսկապես ամբողջությամբ նվիրված են շարժման պաշտպանությանը, բայց այդ նույն խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր պայքարում են այս շարժման դեմ»,-հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: