Բաժիններ՝

«Մատաղիսի» գործով արդարացման դատավճիռը մնաց օրինական ուժի մեջ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր, Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր «Մատաղիսի» գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը այսպիսով մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքները:

Ընդհանուր իրավասության դատարանը հիշյալ դատավճռով՝ ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանն անմեղ էին ճանաչվել ու արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Ամբաստանյալները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողների՝ ամբաստանյալների ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի մահը:

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալները հայտարարել էին, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ իրենք անմեղ են, առարկել էին վերաքննիչ բողոքների դեմ՝ դատարանից խնդրելով դրանք մերժել:

Մեղադրող կողմը նախորդ  դատական նիստում հայտարարել էր, որ առաջին ատյանի դատարանը սուբյեկտիվ է գնահատել ապացույցները և կայացրել ակնհայտ անարդարացի դատավճիռ: Մեղադրող կողմը և տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իրենց վերաքննիչ բողոքներում հիմնական շեշտը դրել էին նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որն, ըստ նրանց, լիովին ապացուցում է ամբաստանյալների մեղքը: Ըստ նրանց` չեն հաստատվել պաշտպանական կողմի հայտարարությունները, թե այդ ցուցմունքները տրվել են բարոյական, հոգեբանական և ֆիզիկական բռնությունների ազդեցության տակ:

Մեղադրող կողմը միջնորդել էր բեկանել դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ՝ Ռազմիկ Սարգսյանին դատապարտելով 7, իսկ Մ.Սերոբյանին ու Ա.Զալյանին՝ 8-ական տարվա ազատազրկման: Տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը նույնպես՝ հիմնվելով Ռ.Սարգսյանի վերոհիշյալ ցուցմունքի վրա, հայտարարել էր, որ իր որդու մահվան մեջ մեղավոր են դատարանով արդարացված 3 անձինք, ուստի նրանք նորից պետք է հայտնվեն ճաղերի հետևում:

Վերաքննիչ բողոքների դեմ առարկություն էր ներկայացրել գործով մյուս տուժողի՝ Հովսեփ Մկրտումյանի, իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը, ով գտնում է, որ իսկական հանցագործներն արդեն 9 տարի է գտնվում են ազատության մեջ, իսկ Ռ. Սարգսյանը, Մ. Սերոբյանը, և Ա. Զալյանը անմեղ են:

Ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր առարկությունում հայտարարել էր, որ մեղադրողների կողմից վկայակոչվող ցուցմունքից բացի գործով կա ևս մեկ խոստովանական ցուցմունք, որ տվել է վկա Արման Գրիգորյանը՝ նա իր ցուցմունքում տուժողների մահվան մեջ մեղավոր այլ անձանց է մատնանշել ու այլ շարժառիթներ: Ըստ պաշտպանի` Ռ. Սարգսյանի վերոհիշյալ ցուցմունքը չակերտավոր ինքնախոստովանական ցուցմունք է եղել՝ նրա նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների ազդեցության տակ: Այդ ցուցմունքում նշվող հանգամանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից:

Նրանց պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին էր ներկայացրել նախաքննության ընթացքում Ռազմիկ Սարգսյանի տեսագրված «խոստովանական» ցուցմունքից առաջ արված մի լուսանկար, որը վկայում է, որ հարցաքննության ժամանակ Ռ.Սարգսյանի դեմքը ոչ թե «լցված էր», այլ ուռած՝ «այն աստիճան, որ համարյա անճանաչելի էր դարձել»:

 

Փաստինֆո

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս