
Գագիկ Հարությունյանի 65-ամյակը` «Ֆլորենցիա»-ում. մամուլ

«Ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների՝ շաբաթ օրը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է իր ծննդյան 65-րդ տարեդարձը:
Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ Հարությունյանի տարեդարձին ներկա են եղել անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, մի քանի նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իսկ Ս. Սարգսյանը թեև անձամբ ներկա է եղել «Ֆլորենցիա»-ում կայացած խնջույքին, այնուամենայնիվ, նաև պաշտոնական շնորհավորական ուղերձ է հղել Գ. Հարությունյանին:
Ի դեպ, ըստ Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Ու թերևս Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված աննախադեպ ջերմության պատճառը հենց դա է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: