
Ինչպես է Զոլյանը տնօրինել ԲՈւՀ-ի բյուջեն, և ինչու է ԱԱԾ-ն գործ հարուցել. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, այսօր արդեն «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում հայտնված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն:
Ի դեպ, Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:
«ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ է եղել, որ կանչված է ԱԱԾ, և հենց այդ պատճառով նա խնդրել է «Ժառանգությունից», որպեսզի իրեն ելույթի հնարավորություն տան: Ելույթից հետո էլ նոր միայն Զոլյանը հայտարարել է, թե իրեն կանչել են ԱԱԾ` այդպիսով փորձելով քաղաքական հնչեղություն հաղորդել կատարվածին: «ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության հանգամանքով պայմանավորված:
Դա եղել է այն ժամանակ, երբ Զոլյանը դեռևս ռեկտոր էր: Գործը կապված է ԲՈւՀ-ի կատարած գնումների հետ: Բանն այն է, որ Զոլյանը բավականին լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկարները, և դրանք կախել Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանն արել է բուհին տրամադրված պետական բյուջեի հշվին»: