Ոչ թե կոալիցիա, այլ քաղաքական առևտուր
«Իմ կարծիքով, իշխանությունը պատրաստ է տալ ընդդիմությանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, միգուցե ստեղծվի ինչ-որ մի նոր հակակոռուպցիոն կառույց, մի քանի երկրորդական նշանակության նախարարություններ, այսքանը, թե ինչ պատասխան կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ` դժվար է ասել, սակայն պարզ է, որ իշխանությունը պատրաստ չէ զիջել, ասենք, Ազգային անվտանգությունը, որը վերջին քսան տարում չի տրվել որևէ կոալիցիոն գործընկերոջ, անգամ ՕԵԿ-ին»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Վերլուծաբանը նշել է, որ Սերժ Սարգսյանի պատասխանից հետևում է, որ իրադարձությունները տանում են նոր կոալիցիոն կանոնների ձևավորմանը, սակայն այս պարագայում դժվար է ինչ-որ բան կանխատեսել, քանի դեռ չի հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը այս նամակին: Ըստ քաղաքագետի` գրեթե չի բացառվում, որ կողմերը կնստեն կլոր սեղանի շուրջ և բանակցությունները կընթանան, սակայն կարևորեց մի հանգամանք, որ, ըստ էության, կոալիցիաները ձևավորվում են այն դեպքերում, երբ իշխանության ռեսուրսը չի բավականացնում, իսկ մեր պարագայում ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում և նման խնդիր չունի: Այստեղ, Բոզոյանի կարծիքով, վարչակարգը ձգտում է իր ազդեցության տակ վերցնել ամբողջ քաղաքական դաշտը, և այս ուղղությամբ են գնալու բանակցությունները կողմերի միջև. «Իշխանությունը ԲՀԿ-ին էլ էր առաջարկում կոալիցիա, սակայն ԲՀԿ-ն մերժեց, և Հանրապետականը կարողացավ իշխանությունը ձևավորել, այսինքն` դա ոչ այնքան կոալիցիայի առաջարկ էր, ինչքան առևտուր: Ներկա պայմաններում Հանրապետականը նման սցենար է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանին. կկայանա այդ կոալիցիան, թե ոչ` ես չեմ կարող ասել»: