Ոստիկանական «օղակ» օպերացիա՝ 3 օր առաջ հոծ գիծ խախտելու պատճառաբանությամբ (տեսանյութ)

Այսօր կեսօրին Գյումրի քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Գարեգին Նժդեհ փողոցում՝« Նանե» հոթելի մոտակայքում, շուրջ 20 րոպե Գյումրու ՃՈ աշխատակիցներն իրականացնում էին « օղակ» օպերացիա: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:

Ոստիկանական մի քանի մեքենաներով ՃՈ աշխատակիցները շրջափակել էին ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական ծառայության աշխատակից վարորդ Արմեն Պետրոսյանի ավտոմեքենան և արգելում էին, որ նա ներկայանա աշխատանքի՝ ԳԱԼԱ հեռուստաընկերություն և ստիպում էին՝ առանց ծանուցագրի և առանց որևէ խախտման մասին իրազեկման՝ ներկայանալ «Գայի» պետի հետ զրույցի:

Հասկանալի է, որ փողոցի բնականոն երթևեկությունը խափանված էր և տասնյակ վարորդներ ու նաև գյումրեցի հետիոտներ հավաքվել էին՝ տեսնելու, թե ինչու են ոստիկանները իրականացնում «օղակ» օպերացիա:

ԳԱԼԱ-ն արդեն տեղեկացրել էր, որ Գյումրու ՃՈ աշխատակիցները հանկարծակի ներկայացել են ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակից Արմեն Պետրոսյանի բնակարան և առանց ծանուցագրի, կամ պատճառաբանության ասել, որ ներկայանալու է «Գայի»: Իսկ երբ վարորդը փորձել է հետաքրքրվել՝ ինչու՞, պահանջել է ծանուցագիր, բացատրություն, «օգնող» խմբեր են հրավիրել՝պատճառաբանելով, որ նա չի ենթարկվում, դիմադրություն է ցույց տալիս ու մի քանի մեքենա են պահանջել՝ օգնության կարգով և փորձել «օղակ» օպերացիա իրականացնել:

Դարձյալ հավելենք, որ այս ամբողջ շոուն այն բանի համար է, որ իբր ԳԱԼԱ-ի վարորդը հոծ գիծ է խախտել: Ոստիկանները ավելի ուշ՝ բերման ենթարկելուց հետո, արդեն ԳԱԼԱ-ի լրագրողին պատճառաբանել են՝ Արմեն Պետրոսյանը հոծ գիծ է խախտել, և որ այդ դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին:

Այս ամսաթիվը պատահական չէ, որ տպավորվել է նրանց հիշողություններում: Բանն այն, որ հենց այս օրը ԳԱԼԱ-ն ականատես եղավ և լուսաբանեց հերթական արտառոց խախտումը, որն արել էին ոստիկանները՝ քաղաքացիներից մեկի ձեռքից խլելով հեռախոսը: Միայն ԳԱԼԱ-ի լրագրողի միջամտությունից հետո իրավապահները ստիպված եղան հեռախոսը վերադարձնել տիրոջը: Հավանաբար, հենց սա է ազդել ոստիկանների նյարդերի վրա, և նրանք որոշել են պատասխան «հակահարվածը» հասցել, միայն թե՝ չհաջողված և ապօրինի…

Տեսանյութեր

Լրահոս