Քամալյանի կալանքը դարձյալ երկարաձգվել է
Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալված քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանի կալանքը երկարաձգվել է ևս 40 օրով: Այս մասին 168.am-ին ասաց Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 22-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստում որոշվել է Գոռ Քամալյանի կալանքը երկարաձգել՝ հակառակ իրենց բոլոր պահանջների, որ գործը հնարավորինս արագ մտնի դատարան: Նա նշեց, որ կալանքը երկարաձգելու միջնորդության մեջ նշված էր, թե գործով նախաքննությունն ավարտվել է, բայց մեղադրյալին գործի նյութին ծանոթացնելու համարան հրաժեշտ է ևս երկու ամիս:
«Մենք ասում ենք՝չենք ուզում ծանոթանալ նյութերին, ուղարկեք դատարան գործը: Էդպիսի բան լսե՞լ եք, մարդն ասի, ինձ ուղարկեք, դատեք, եթե կարողանում եք: Մենք ասում ենք՝ խնդրում ենք, մեզ դատեք»,-նշեց պաշտպանը:
Իր պաշտպանյալի նկատմամբ գործի հարուցումը, ըստ Ալեքսանդր Սիրունյանի, մեծ աղմուկ հանած «ատկատի» թեմայի շրջանակում էր, և Գոռ Քամալյանն այս պատմության մեջ թույլ օղակ էր: