Երևանում ձևավորվել են 464 տեղամասային կենտրոններ
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության համար մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում կազմավորվել են 464 ընտրական տեղամասային կենտրոններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի` առավելագույն թվով` 38, ընտրատեղամասեր կբացվեն Դավիթաշեն ու Արաբկիր և Էրեբունի ու Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներն ընդգրկող համապատասխանաբար թ.5 և թ.12 ընտրատարածքներում, իսկ նվազագույն թվով` 33, ընտրատեղամասեր` Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ հատվածներն ընդգրկող թ.10-ում:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ պետք է ներկայացվեն ապրիլի 5-ից մինչև ապրիլի 10-ի ժամը 18-ը:
ՏԸՀ-ների առաջին նիստերը տեղի կունենան ապրիլի 13-ին` ժամը 12-ին:
ՏԸՀ-ները կունենան 8-ական անդամ: Մեկական անդամ նշանակելու իրավունք ունեն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, երկուական անդամ` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ԸԸՀ-ի յուրաքանչյուր անդամ, բացառությամբ հանձնաժողովի նախագահի, կարող է ներկայացնել մեկ թեկնածու: Եթե առաջադրված թեկնածուների թիվը երկուսից ավելի է, ապա ՏԸՀ-ի երկու անդամին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրում է վիճակահանության միջոցով` ԿԸՀ-ի սահմանած կարգով:
Եթե ՏԸՀ-ի ձևավորման համար Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ԸԸՀ-ի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է երկուսից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: