Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի արմատը լավն է եղել. Երվանդ Մանարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը շատ ավելի հաճախակի կլիներ Ազատության հրապարակում ու կզրուցեր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եթե առողջական խնդիրները չխանգարեին: Սակայն հնարավորության դեպքում նա անպայման գալիս է այնտեղ, ուր ժողովուրդը պայքարում է: ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով ազգի համար դժվար պահերին մտավորականության իսկական առաքելության մասին` նա կարծիք հայտնեց, որ ամեն մտավորական, ամեն անհատ ինքը պետք է իր համար որոշի այդ առաքելությունը, բայց ամենակարևորը որոշելն է:

«Հենց որոշում ընդունելը շատ լուրջ բան է: Հետո մտավորականը նախ քաղաքացի պետք է լինի, որ իրեն իրավունք վերապահի գնալ ու կանգնել մյուս քաղաքացու կողքին: Երբ որ մտավորականը չի գնում ու կանգնում քաղաքացու կողքին, ուրեմն ինքն էլ քաղաքացի չէ: Քաղաքացի լինելը ուրիշ բան է էլի»,- ասաց Երվանդ Մանարյանը: Մեր այն հարցին՝ ի՞նչ արդյունք կունենա Ազատության հրապարակում սկսված պայքարը, նա լավատեսություն հայտնեց, որ բոլոր պայքարներն էլ լավ վերջ են ունենում:

«Պայքարը մարում է այն ժամանակ, երբ տվյալ առաջնորդից առաջ ինչ-որ մեկ ուրիշն է մտնում պայքարի ասպարեզ: Հինը իր տեղը զիջում է նորին: Բնության օրենքն է: Ինչ վերաբերում է պայքարի արդյունքին, մի բան կարող եմ ասել՝մեր ազգային բնավորության հատկանիշ է, որ մենք ուզում ենք ինքներս մեր աչքով տեսնել մեր սկսած պայքարի արդյունքը: Ես իմ այս պատկառելի տարիքում այդպես չեմ մտածում: Ես անում եմ մի բան, որը պարտավոր եմ անել, արդյունքը եթե տեսնեմ, շատ ուրախ կլինեմ, եթե չէ՝ թոռս կտեսնի, ծոռս կտեսնի: Չի կարող լավ չլինել»,-ասաց նա:

ԳԱԼԱ-ի այն հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգնա զիջումների, Երվանդ Մանարյանը պատասխանեց, որ դա Սերժ Սարգսյանի գործն է, իր որոշելիքն է: Անվանի դերասանի կարծիքով՝ ինչ-որ բան Սերժ Սարգսյանին խանգարում է ճիշտ վճիռներ կայացնել, և ըստ երևույթին, դա նրա շրջապատն է:

«Ես թատրոնի մարդ եմ և գիտեմ, որ երբ վերլուծում ես կերպարը և ասում, որ սա իր արմատով լավն է, ուրեմն լավն է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի արմատը լավն է եղել, և դա ես չեմ ասում, դա ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկի ժամանակ, որ Սերժ Սարգսյանը երիտասարդ ժամանակ շատ լավ երիտասարդ է եղել, հետո գնաց Մոսկվա, ինչ պատահեց նրա հետ` չհասկացանք: Բայց եթե Լևոն Տեր- Պետրոսյանը նրան գնահատական է տվել, որ նա լավն էր, ուրեմն այդ լավը երբեք չի կորչում, մնում է ինչ-որ շերտերի տակ թաքնված, բայց մի օր գլուխ կհանի»,- ասում է Երվանդ Մանարյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը ուշացնում է, և´ իր համար է տխուր, և´ իր շրջապատի համար է տխուր, և´ քաղաքացիների համար: Քաղաքացիական նախաձեռնությունների հետ կապված նա նշեց, որ մարդիկ փնտրտուքի մեջ են, ուզում են ինչ-որ լավ բան գտնել, փոփոխել, ուրեմն պետք չէ պիտակավորել ու խմբագրել քաղաքացիների նախաձեռնությունները: Երվանդ Մանարյանը, լսելով Սահմանադրական դատարանի որոշումը, եկել է այն համոզման, որ գործնական մտածող մարդը, եթե ունի ինչ-որ բանի ապացույցը, դա պետք է այնպես ձևավորեր, որ դուրս լիներ կասկածի սահմաններից, բայց երբ ներկայացվում են ենթադրություններ, դա չի կարող հիմք լինել:

«Գոնե էս շրջանում մենք պետք է դաս քաղենք մեր թերություններից, որ եթե մի գործ ենք ուզում անել, ուրեմն այն մինչև վերջ` բոլոր կողմերից հղկված ու ճշտված պետք է դրվի մեջտեղ, որ ոչ ոք չկարողանա ժխտել»,- եզրափակեց զրույցը վաստակավոր դերասանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս