«Ինչպես միշտ՝ աշխատում են լծակները». ԲՀԿ-ական պարտված թեկնածու

Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ  գյուղում երեկ հաղթանակ է տարել  Հայ Հեղափոխական դաշնակցության անդամ, ինքնառաջադրված Արտաշես Սաֆարյանը: Նրա մրցակիցը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և կուսակցության կողմից առաջադրված Զաքար Զաքարյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ Արտաշես Սաֆարյանը ստացել է 128 քվե, նրա մրցակիցը՝ 119: Հիշեցնենք, որ Վերին Բազմաբերդի նախկին գյուղապետ Հունան Առաքելյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին ՀՀ կառավարության հունվարի 31-ի որոշմամբ` հիմք ընդունելով առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ նրա հրաժարականը:

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ին հայտնեց, որ համայնքապետի ընտրություններին դիտորդական առաքելություն  իրականացնող  որևէ հասարակական կազմակերպություն չի եղել: Թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը մեզ հետ զրույցում ևս հաստատեց, որ Վերին Բազմաբերդում մարտի 24-ին անցկացրած արտահերթ ընտրություններին  դիտորդ ներկա չի եղել:Նա ավելացրեց, սակայն, որ ժամը 15:00-ից հետո քվեարկությանը ներկա է եղել «Կենտրոն» հեռուստաընկերությունը: «Ոչ դիմում-բողոքներ, ոչ արձանագրություն, ոչ հատուկ կարծիք այս պահի դրությամբ չունենք»,- 168.am-ին ասաց ԸԸՀ- նախագահը:  Նա նշեց, որ ընտրություններին  եղել է 74 տոկոս մասնակցություն, 332 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 284-ը: Անվավեր է համարվել ընդամենը մեկ քվեաթերթիկ: Հովհաննես Ասատրյանը հավելեց նաև, որ երկու թեկնածուներն էլ ունեցել  են վստահված անձինք:

ԲՀԿ-ական թեկնածու և կուսակցության կողմից առաջադրված, պարտվող թեկնածու Զաքար Զաքարյանը 168.am-ի այն հարցին, թե ընդունո՞ւմ է արդյոք իր պարտությունը, արձագանքեց. «Դե հիմա, չընդունելու ի՞նչ տարբերակ ունեմ, որ ճիշտն ասեմ: Դուք էլ մնացածը գիտեք, ոնց միշտ աշխատում են լծակները, չհաշված մնացած հարցերը»: Նա ասաց, թե առավոտյան բաց քվեարկության փորձ է եղել, սակայն հանձնաժողովի նախագահը կանխել է:

Զաքար Զաքարյանը դժգոհում էր  այն փաստից, որ 30-40 քվեաթերթիկում, որոնք բոլոըր Արտաշես Սաֆարյանի օգտին էին,  նշումները կատարվել էին կարմիր գրիչով, այն դեպքում,  երբ մնացած քվեաթերթիկներն այդ գույնով չէին նշված:  Հարցին, թե ընտրակաշառքի մասին ահազանգ ունեցե՞լ եք, Զաքար Զաքարյանը պատասխանեց. «Դե չեմ կարող ասել, ո՞նց ասեմ, եթե մի բան կա, որ չգիտեմ: Գիտեմ, որ ընդհանուր աշխատում էին այդ ուղղությամբ»:   Զաքար Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր էին աշխատում ՀՅԴ անդամի հաղթանակի համար: «Իշխանություններն են աշխատում, ո՞վ է  աշխատում: Ինքը ՀՅԴ չի, ինքնառաջադրում է, ո՞նց կարող է ՀՅԴ լինի: Եթե ես կուսակցական եմ, ԲՀԿ եմ ու կուսակցությունով եմ դնում եմ իմ թեկնածությունը, ուրեմն կուսակցան եմ չէ՞, իսկ եթե մարդ կարող է լինել կուսակցությունից, բայց ինքնառաջադրում գնա… »,- նշեց ԲՀԿ-ական թեկնածուն: Նա ավելացրեց, որ առաջին  անգամ էր առաջադրվում համայնքի ղեկավարի թեկնածու, և շեշտեց, որ գյուղի  երիտասարդությունը մեծ մասամբ իր կողքին է եղել, իր պարտությունն էլ ընդամենը 9 ձայնի տարբերությամբ է:

Հաղթած թեկնածու Արտաշես Սաֆարյանը, բնականաբար, ընտրությունների ընթացքը գնահատեց նորմալ: «Ընտրություններն անցել են նորմալ, օրենքի մթնոլորտում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա: Հարցին, թե ինչով էր պայմանավորված իր հաղթանակը, Արտաշես Սաֆարյանը պատասխանեց, թե գյուղացին տեսել է իր աշխատանքը, գնահատել է, ընտրել: Նա նշեց, որ Վերին Բազմաբերդը ղեկավարել է 2008-2012թթ.-ին: Հարցին, թե՝ ինչո՞ւ կուսակցությունը չպաշտպանեց Ձեր թեկնածությունը և ինքնառաջադրմամբ հանդես եկաք, Արտաշես Սաֆարյանը պատասխանեց. «Դա արդեն ես որոշեցի, որ ինքնառաջադրումով ավելի լավ է: Դա այդքան էակա՞ն է: Ես դաշնակցական եմ, իմ կուսակցությանը հարգում եմ, գնահատում եմ, գաղափարի մարդիկ են»: Հակառակորդի այն հայտարարությանը, թե իշխանություններն են իր համար աշխատել, Արտաշես Սաֆարյանը հակադարձեց. «Հերյուրանք է: Ես վստահել եմ իմ գյուղացուն, իմ գյուղացին տեսել է իմ աշխատանքը, գնահատեց»: Զաքար Զաքարյանի հնչեցրած մյուս դժգոհությունների վերաբերյալ Արտաշես Սաֆարյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ասելով, թե կա հանձնաժողովի  նախագահ, կան հանձնաժողովի  անդամներ, այդ թվում՝ և ԲՀԿ-ից,  թող նրանք էլ ասեն՝ եղե՞լ են խախտումներ,թե՞  ոչ:

Տեսանյութեր

Լրահոս