Բաժիններ՝

Րաֆֆին արդեն գնացքից ուշացել է. Ռ.Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

« «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին ժամանակ գիտեր, որ ինքը իր թեկնածությունն առաջադրելու է ՀՀ Նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Բացի այդ, հատկապես ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի թեկնածու չառաջադրելուց հետո ողջամիտ ժամանակ ուներ, եթե մինչ այդ ինչ-ինչ պատճառներով չէր պլանավորել, ապա ԲՀԿ-ի հետ սիրախաղեր տալու փոխարեն կարող էր մշակել գործողությունների հնարավոր տարբերակներ` քաղաքական զարգացումներին արագ արձագանքելու համար:
Թեկնածուներից երևի թե Րաֆֆին միակն էր, որ դրա համար ուներ լիարժեք պայմաններ և հնարավորություններ: Սփյուռքի օժանդակությունը և հատկապես իր ռազմավարական հետազոտությունների կենտրոնը` իր փորձագետներով, քաղաքագետներով, հոգեբաններով…
Եվ ինչ, եթե Րաֆֆիի նախընտրական քարոզարշավը քիչ թե շատ հաջողված էր, ապա շատ զարմանալի է, որ ՀՀ Նախագահի պաշտոնին հավակնող անձը, նրա ռազմավարական կենտրոնը` իր ինտելեկտուալների խմբով, չէին կանխատեսել հետընտրական զարգացումների տարբերակներ և մշակել համապատասխան գործողությունների ծրագիր: Թե՞ նրանց «ռազմավարական» ծրագիրը աջ ու ձախ բարևելը, գրկել-համբուրելը, հարթակից պաշտոններ բաժանելը, խանութի հատակը մաքրելը և մարզային հանդիպումներն էին միայն: Իմ կարծիքով նրանք ավելի լավ մասնագտական հմտություններ դրսևորեցին Մաշտոցի պուրակի արգելափակոցները քաշքշելիս, և բուտիկների պտուտակները քանդելիս…
Այս ամենի օրինաչափ հետևանքը Րաֆֆիի այս հացադուլի որոշումն էր, որը նման է ձեռքերը փրփուրներին գցելուն… Ծայրահեղ մի քայլ, որը զուգորդվեց հետագա հակասական ու սխալ քայլերով, հայտարարություններով: Բնականաբար օրինաչափ էր նաև հանրահավաքների մասնակիցների սակավաթիվությունը, քաղաքացիների հիասթափությունն այս գործընթացներից: Ժամանակին Մաշտոցի պուրակում ավելի շատ մարդ էր հավաքվում, քան ներկայումս Թատերական հրապարակի հացադուլային ասուլիսների «սերիալներին», որի գերակշիռ մասը լրագրողներն ու օպերատորներն են: Չեն օգնում նաև կազմակերպվող համերգ-շոուներն ու «քյանդրբազները»…
Իսկ իշխանությունների նման պահվածքը, իմ կարծիքով, առայժմ հնարավորություն է տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, իր թիմին ու իրեն միացած մի քանի գավառական մակարդակի կուսակցություններին, քաղաքական գործիչներին, սխալ-սխալի հետևից գործել…
Իշխանությունները սակայն, իրենց հերթին, չպետք է հանգստանան և պետք է շատ զգոն լինեն: Ժամանակն է, որպեսզի հատկապես ինաուգուրացիայից, Երևանի ավագանու ընտրություններից հետո լուրջ կադրային «զտում» և տեղաշարժեր իրականացվեն, ստեղծեն այնպիսի իրավիճակ և փոխհամագործակցության մթնոլորտ, որպեսզի աստիճանաբար վերացվեն այն բոլոր արատավոր երևույթները, որոնք հանգեցրին նման իրավիճակի, նման ընտրական գործընթացների…
Իսկ Րաֆֆին արդեն գնացքից ուշացել է, որն արագ մոտենում է Երևանի ավագանու ընտրություններին, ուր նրա դաշինքը հազիվ թե հաջողություն ունենա: «Ժառանգությունը» օգտագործվեց և տապալվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ կանի դադարեցնի հացադուլը և անհիմն «վերջնագրերը»: Իսկ վերջին հանրահավաքի նամակի պատասախանը խաչն է կամ իքսը:
Հա’, կա նաև երրորդ տարբերակը` զեթը, երբ փակում ես էջը…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս